Տնտեսություն 18:04 18/04/2009

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Հ. Կարայան. Էներգետիկան` ամենաառաջնահերթ հարց

Վերջին ժամանակներում աշխարհի բոլոր երկրների համար էներգետիկան դարձել է ամենաառաջնահերթ հարցերից մեկը` անկախ տվյալ երկրի էներգապաշարներից ու էներգաարտադրածավալներից:

Կարելի է հավաստել, որ հարցը բարձրացվում է և’ ներկայի ու մոտ ապագայի պահանջների պատճառով, և’ հեռանկարային նպատակով: Բնականաբար, ողջ աշխարհը եռանդուն զբաղվում է էներգետիկայի հարցերով և քննարկվում են բազմաթիվ հնարավորություններ ու տարբերակներ: ՀՀ-ում նույնպես բավականաչափ աշխուժացել են ջանքերը այս ոլորտում, առաջարկվում են բազմազան ուղիներ, սակայն, ավաղ, ոչ մի հստակություն չի ուրվագծվում ՀՀ էներգետիկայի ապագայի համար: ՀՀ-ի համար անկախ գոյաձևման կարևորագույն նախապայմանը անկախ էներգետիկայի առկայությունն է, ուստի հարկ է նաև այն դարձնել հասարակությանը հասու: Որոշ պարզաբանումներ ստանալու և այն հասարակությանը հաղորդելու համար դիմել ենք ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Հ.Ս. Կարայանին: Հ.Ս. Կարայանը հայտնի է իր տասնյակից ավելի հրապարակումներով (սկսած 1988թ.) , որոնցում արված մի շարք կանխագուշակումներ աշխարհն այսօր ընդունել է: Բացի այդ, նա նախաձեռնել և հեղինակել է ՀՀ Կառավարությանը ներկայացված «ՀՀ էներգետիկայի ռազմավարական Ծրագրի նախագիծ» (1992թ.) :

-Պ-ն Կարայան, նախ խնդրում ենք հանրամատչելի վերլուծություն անեք աշխարհում, մասնավորապես, ՀՀ-ում էներգետիկայի շուրջ ծավալած գործընթացների վերաբերյալ:
-Նախ, «հանրամատչելի» բառը խիստ տեղին է, քանզի ես այս հարցի խորագիտակ չեմ: Համաշխարհային մակարդակով էներգետիկայի առկա իրավիճակի պատճառները որակապես բաժանվում են երկու խմբի. ներքին` պայմանավորված բացառապես էներգետիկայի ոլորտով (էներգիայի աղբյուրներ, էներգաարտադրություն, էներգաարտադրամիջոցների և էներգաաղբյուրների արտադրություն, էներգակիրներ, էներգոշահագործում և այլն), և արտաքին` պայմանավորված էներգետիկայի և բոլոր մյուս ոլորտների փոխկապակցվածությամբ: Բնականաբար, նույնիսկ հանրամատչելի մակարդակով իրավիճակի համալիր վերլուծությունը մեծածավալ և դժվար աշխատանք է, որը պահանջում է բավականաչափ տեղեկություններ բազմաթիվ ոլորտներից: Այդ իսկ առումով փորձենք ներկայացնել մասնակի վերլուծություն` նպատակաուղղված հատկապես ՀՀ-ին: Նախ, ներքին գլխավոր պատճառներն են էներգապահանջարկի օրըստօրե աճը (կանխատեսվում է առաջիկա 40 տարում 6-7 անգամի աճ` էներգաարտադրահզորության մեծացում մինչև 100 տերավատտ-այն է` շուրջ 100 000 ատոմակայանի հզորություն): Մյուս կողմից ավանդական հանածո էներգակիրների պաշարները այդ նույն ժամանակ գործնականում կսպառվեն: Սա նշանակում է, որ այլընտրանքային էներգետիկան դառնում է հարկադրական: Որպես հարակից փաստարկ նշենք,որ Բարաք Օբաման բացահայտեց ԱՄՆ էներգետիկայի մինչ այժմ մասամբ քողարկված ռազմավարությունը, կասեցնելով լիցենզավորված 26 ատոմակայանների կառուցումը և մի քանի տրիլիոն դոլար հատկացնելով այլընտրանքային էներգետիկային, հիմնականում սիլիցիումայինին:
Չքննարկելով ռազմական, տնտեսական ու քաղաքական պատճառները` նշենք հասարակությանը լավ հայտնի մի շարք արտաքին պատճառներ:
Հանրությանը առավել հայտնի է «ջերմոցային» Էֆեկտը, երբ «ջերմոցային» գազերը (օրինակ CO2 ) ստեղծում են ճառագայթային էկրան` խախտելով ճառագայթային դինամիկ հավասարակշռությունը արտերկրային միջավայրի հետ: Դա բերում է երկրագնդի, այսպես կոչված, գլոբալ տաքացման, երբ երկրի ջերմաստիճանի բնական փոփոխությունից զատ, լրացուցիչ այն աճում է: Այդ երևույթը հղի է կանխատեսելի վատ հետևանքներով (ասենք, բևեռային սառույցների հալմամբ), ինչպես նաև բազմաթիվ այլ անկանխատեսելի հետևանքներով: Բնապահպանական բնույթի են նաև օզոնային շերտերի լրացուցիչ փոփոխություններն ու երկրային երևույթների դինամիկ հավասարակշռության խախտումները:
Երկրագնդին սպառնում է ևս մեկ, օրըստօրե ահագնացող աղետ` թթվածնային քաղցը: Մի կոմից անընդհատ աճում է թթվածնի ծախսը (աճող արտադրապրոցեսներում այրումների աճը, այդ թվում` էներգետիկայի, մարդկանց ու կենդանիների քանակի աճը և այլն ), մյուս կողմից նվազում են թթվածնաարտադրող միջոցները , հատկապես անտառածածկ տարածքները: Բնականաբար, դա վտանգում է (արդեն իսկ զգալի) կենդանական աշխարհը, բայց ավելի վտանգավոր է թթվածնի մասնակցությամբ պարբերական երևույթների խոտորումը իրենց բնականոն ընթացքներից (ասենք, սառցակալման ընթացքից), որը կարող է ընդհանրապես կործանարար հետևանքների հանգեցնել համայն մարդկությանը:
Թվարկածները արդեն իսկ բավ են եզրակացնելու համար, որ և’ էկոլոգիական, և’ էներգետիկ գերխնդիրները կրում են գլոբալ, համամարդկային բնույթ ու վճռորոշ են ինչպես մարդկության, այնպես էլ ցանկացած պետության ապագայի համար: 

- Գերխնդրի լուծման ուղիների իրավիճակը ինչպե՞ս է: 
- Իրավիճակը աշխարհի (բայց ոչ ՀՀ) մակարդակով ավելի քան ուրախալի է, համաշխարհային էներգետիկայի «ծառը» շատ բազմաճյուղ է: Բավ է նշել, որ կիրառման համար ընդունելի ուղիների տեսակների քանակը վաղուց անցել է երկնիշի սահմանը, որոնցից յուրաքանչյուրի ենթաճյուղերի քանակը արդեն ձգտում է եռանիշի: Եվ դեռևս այդ ծառը աճման միտումներ ունի: Այդօրինակ հարուստ տեսականին հնարավորություն է ընձեռում ոչ միայն լուծել աշխարհի էներգամատակարարման խնդիրը, այլև այն ենթարկել օպտիմիզացիայի` հաշվի առնելով այլ ոլորտների պահանջները, մասնավորապես, տնտեսկան, ռազմական անվտանգության, էկոլոգիական, նաև տվյալ երկրին համահունչ ու նպատակահարմար լինելու և նման այլ հանգամանքներով պայմանավորված պահանջները:
Սակայն, կախված օգտագործման նշանակությունից, էներգետիկայի վրա դրվող պայմանները նույնպես փոխվում են: Էներգասպառման հիմնական ոլորտներն են տիեզերականը, շարժամիջոցայինը և երկրային ստացիոնարը:
Տիեզերականը պահանջում է կշռի և չափերի փոքրություն, բարձր արդյունավետություն, հուսալիություն և ճառագայթակայունություն, բայց չունի էկոլոգիական էական սահմանափակումներ, իսկ տնտեսականն էլ ոչ առաջնային է:
Շարժամիջոցայինի համար ամենաառաջնայինը էկոլոգիական պահանջներն են, հատկապես օդային և ճանապարհային փոխադրամիջոցների առումով, նաև կարևորվում են էներգակիրների պաշարները:
Երկրային ստացիոնարը ընդհանուր էներգետիկայի հիմնական ու ամենամեծ մասի պատասխանատուն է, ուստի էկոլոգիականից զատ, այստեղ ամենաառաջնայիններից են տնտեսականը, (1կվտ հզորության ինքնարժեքը), հումքային պաշարները, արտադրության արագությունը (արտադրահզորությունը), տարածածախսն ու տարածական բաշխվածությունը և այլ նման պահանջներ, որոնք նախորդ տեսակներին բնորոշ , կամ էլ կարևոր չէին:
Ակնհայտ է, որ նշվածներից յուրաքանչյուրը ունի իր մոտեցումը և իր լուծումը, որոնք երբեմն նույնիսկ իրարամերժ են: Այսպես, տիեզերակայաններում արևային էներգիայի փոխակերպիչների համար ձեռնատու է մեծ օգտակար գործողության գործակիցը (այսօր արդեն օգտագործվում են 50% և ավելի մեծ գործակցով աղբյուրներ)` անկախ գնից և արտադրաժամանակից: Երկրայինը հակառակը, պահանջվում է էժանագույն և արագ արտադրվողը, իսկ ՕԳԳ-ն ոչ մեծ 30% (էկոդինամիկան անկանխատեսելի չխախտելու համար) և մեծ 20% -ից` տնտեսկան արդյունավետության համար (այսինքն, առկա է երկկողմ սահմանափակում), 50 տարուց ավելի երկարակեցություն: Այնուհանդերձ, բոլոր ուղղությունների համար մշակված են (և շարունակվում են մշակվել ու կատարելագործվել) ռազմավարություններ:
Տիեզերական էներգետիկայի ռազմավարությունը կազմում է (Արևի) ճառագայթային էներգիայի ֆոտովոլտաիկ փոխակերպումը էլեկտրականի, որն այսօր անմրցակից է և կմնա այդպիսինը երկար ժամանակ (գոնե մինչև ֆոտոնային շարժիչների ստեղծումը): Շուկան պատկանում է գերտերություններին, իսկ միջին և փոքր տերությունները կարող են լոկ ակադեմիական նշանակություն ունենալ: Շարժամիջոցային էներգետիկայի ռազմավարությունը բազմաբաղադրիչ է, որի հիմնական բաղադրիչներն են բնական էներգակիրները, ատոմային ռեակտորները (ջրային փոխադրամիջոցների համար), կենսավառելիքը (սկսած 15% խառնուրդից մինչև 100%), ջրածնային և մասնակիորեն էլ էլեկտրականը: Ծանրության կենտրոնը հիմա և մոտ ապագայում կընկնի բիովառելիքային խառնուրդի և հիբրիդային միջոցների վրա, բայց ապագան, ըստ ինձ, պատկանում է ջրածնայինին, որը և հարմար է բոլոր նշանակությունների համար (նավ, օդանավ, մեքենա և այլն) , և կարող է անհրաժեշտ հզորությունները ապահովել: Շուկան այստեղ դառնում է մրցակցային:
Երկրային ստացիոնար էներգետիկան նպատակահարմար է ներկայացնել ռազմավարության ծառի ենթածառի աստիճանասանդղակով, որը, բացահայտ կամ անբացահայտ, հիմա ընդունված է համարյա բոլոր պետություններում, բացի մի քանի գերհետամնաց փսևդոպետությունների: Այն ունի հետևյալ տեսքը «…տնտեսության ռազմավարության հիմնական կամ էական բաղադրիչ է էներգետիկան, էներգետիկայինը` ստացիոնար-երկրայինը, վերջինում` այլընտրանքայինը, այլընտրանքայինում` ֆոտովոլտաիկը, ֆոտովոլտաիկում` սիլիցիումայինը»: Բավ է նշել, որ XX-րդ դարավերջին, Մեծ Ութնյակի երկրները նպատակադրվել են (և արդեն մշակված են մասնակի ծրագրեր) մինչև 2050թ ստեղծել սիլիցիումային ֆոտովոլտաիկ արևակայանների համալիրային էլեկտրացանց 45-50 տերավատ հզորությամբ, որն ավելի քան 3 անգամ գերազանցում է երկրագնդի վրա հիմա գործող գումարային հզորությանը: Դա կազմելու է ընդհանուր հզորության 40-45%- ը : Սրանով ամեն ինչ ասված է:

-Կարելի՞ է մտածել, որ ապագայում աշխարհում գործելու է համընդհանուր էներգահամակարգ: 
- Կարծում եմ, այո, քանզի դա լավագույն տարբերակն է: Այն կգնահատվի մի պարամետրով, որը ուղիղ համեմատական կլինի ընդհանուր ցանցին տրված և նրանից վերցրած էներգիաների տարբերությանը: Եթե այն դրական է, ապա տվյալ երկիրը կատարելապես էներգաանկախ է, հակառակ դեպքում` կախյալ է : Այս վերջին դեպքում բացառված չէ նաև չափաքանակ բաշխելու միջոցի կիրառումը: Բայց սա չի նշանակում, թե տվյալ երկրի էներգաարտադրությունը միայն գլոբալ ցանցի համար է: Ցանկացած երկիր կունենա նաև մարտավարական նշանակության այլօրինակ էներգաարտադրություններ,նաև ավտոնոմ ցանցեր: 

- Իսկ տարբեր երկրների գործունեությունը էներգաարտադրության ոլորտում նույնպես միանմա՞ն է լինելու:
-Բնավ ոչ: Կլինեն միայն համընդհանուր ստանդարտներ և էկոլոգիական ու անվտանգության սահմանափակումներ: Մնացած առումներով ամեն երկիր կգործի ըստ իր հնարավորությունների, իր տնտեսական կառուցվածքի ու նպատակահարմարության:Օրինակ, եթե երկիրը ունի ջրային մեծ պոտենցիալ, ասենք` Ամազոն, Լենա, Միսիսիպի և նման այլ մեծ գետեր, ապա հիդրոէներգետիկան կարող է նրա ռազմավարության մաս կազմել, քանզի կարդարացվի կրթական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական ու արտադրական ոլորտների նպատակաուղղված զարգացումները: Հակառակ պարագայում, եթե երկրի ջրային պոտենցիալը չի բավարարում գոնե մի քանի հազար մվտ հզորության, ապա այնտեղ հիդրոէներգիան կարող է լինել լոկ անհատ ձեռներեցության մակարդակով:
Նույն պատճառով քամու էներգիայի օգտագործումը արդարացվում է լոկ այն դեպքում, երբ նրա էներգիայի 1-2 % կբավարարի տասնյակ հազար մվտ հզորությունների(ավելի մեծ չափով քամուց մեծ հզորությամբ էներգիա վերցնելը էկոլոգիապես անվտանգ չէ և կարող է բերել անկանխատեսելի փոփոխությունների): Այս նպատակին հարմար են օվկիանոսային քամիները, օվկիանոսամերձ և ծովամերձ ափերի քամիները և այլն: Չկա էներգաարտադրության վատ տեսակ, կա արդյունավետ, հնարավորություններին առավելագույնս համապատասխան, նպատակահարմար, երկրի ծրագրերին և բնակչության աշխատաոճին համահունչ տեսակ: Օրինակ, կենսավառելիքը հարմար է Արգենտինային, Բրազիլիային, Բուլղարիային, ՌԴ-ին և այլն, բայց առայժմ նպատակահարմար չէ Ճապոնիային, Ղրղզստանին, ՀՀ-ին և այլ սակավահող ու լեռնային երկրների համար: 

- ՀՀ-ի համար, ըստ Ձեզ, ո՞ր տեսակն է նպատակահարմար: 
- Դյուրին է Ձեր հարցին պատասխանել բացառման եղանակով` հաշվի առնելով ինչպես վերը նշված ընդհանուր պայմանները, այնպես էլ մեր երկրի համար հատուկ պայմանները- չգնել, այլ արտադրել և համաշխարհային շուկայում հարատև ու կայուն տեղ զբաղեցնել: Այս հիման վրա արված դատողությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ի այլընտրանքային (որոշ պարագայում նաև ընդհանուր) էներգետիկայի համար ռազմավարական կարող է դառնալ լոկ ֆոտովոլտաիկ արևաէներգետիկան,այս փուլում- սիլիցիումայինը: Նախ, բավարարվում են բոլոր պայմանները: Կարող ենք կայանները արտադրել «ավազից մինչև Կայան» ողջ գործընթացով, որի արտադրապաշարները ավելի քան բավարար են, իսկ արտաքին շուկան էլ` չհագեցած (նաև գործնականում չհագեցող): Էներգիայի աղբյուրը Արեգակն է - ՀՀ-ում տարեկան 280-300 օր «արևային է», օրական միջինը 10 ժամ 1 քառ. մետրի վրա ավելի քան 800 վատտ հզորությամբ, որից «թույլատրելի է» վերցնել շուրջ 150վատտ: Սա նշանակում է, որ 10x10 քառ.կմ-ից (շուրջ Երևանի մակերեսը) կարելի է վերցնել 15000 մվտ հզորությունը (միջինը` 5000 մվտ), որը բավարար է 5 մլն. ՀՀ բնակչության համար: Արտադրությունը գիտահենք է, համահունչ ինչպես ՀՀ որդեգրած տնտեսության զարգացման ծրագրին, այնպես էլ ՀՀ բնակչության կրթական, գիտատեխնիկական և աշխատանքային որակներին: Վերջապես, արևակայանների արտադրությամբ կմտնենք արտաքին շուկա, որը, ինչպես նշել ենք չհագեցված է (պահանջարկը առաջարկին շատ է գերազանցում): Ի վերջո, և կայանների արտադրությունը, և նրանց հիման վրա ներքին էներգետիկան անկախ են: Մյուս տեսակներից ոչ մեկը նշված բոլոր պայմաններին միաժամանակ չի բավարարում:
Այս բոլորը հայտնի էր դեռևս անցյալ դարի 80-ականներին և բազմիցս ներկայացվել է հանրությանը և ՀՀ Կառավարությանը, այդ թվում բազմիցս հենց իմ կողմից: Հարկ է արժանին մատուցել իշխանություններին, որոնք չխոչընդոտող, աջակցող ու հովանավորող դիրքորոշում են ունեցել, այնուհանդերձ ցավոք հապաղել և առայսօր չեն ձևավորել հստակ ռազմավարություն: Այս թերացման գլխավոր պատասխանատուն մեր գիտատեխնիկական մտավորականությունն է, որոնք պարտավոր էին ազգի և իշխանությունների համար կատարել գաղափարաստեղծման,սխալազերծման ու կողմնորոշման դերը: Ավաղ, մենք ուժ չգտանք ձերբազատվելու մանրախնդիր գործելակերպից և հաճախ հակառակ դերակատարումն ունեցանք, անգամ ինքներս չկարողացանք կողմնորոշվել այնպիսի կենսական անհրաժեշտության հարցում, որպիսինն է էներգետիկան: Հիմա դեռևս շատ ուշ չէ սկսելը… 

- Այդ դեպքում ինչու՞ ենք մենք հապաղում, եթե ուշանալու գործոն կա: 
- Պատճառները այնքան շատ են ու ազդեցիկ, որ հիմա արդեն չնչին հապաղմամբ կամ դանդաղագործությամբ երևի մենք կմնանք «խաղից դուրս»` ստանալով «կոշիկ նորոգողի» կարգավիճակը: Գուցե այդ պատճառներից յուրաքանչյուրը առանձին վերցրած հաղթահարելի ու վերացնելի է, բայց նրանց համատեղ ազդեցությունը` վերադրումը, կանխատեսելիորեն բերում են բացասական հետևանքների` գործնականում համարյա անհաղթահարելի: Ձեր հարցի լիակատար պատասխանի ձևավորման համար անհրաժեշտ է (գուցե անգամ ոչ բավարար) համազգային մեծ գիտաժողով, ուստի մենք կարող ենք լոկ որոշ դատողություններ անել:
Պատճառների պատճառը, կարծում եմ, հայ գիտատեխնիկական մտավորականության որակի ու բնավորության վերադրումն է հիմա գործող հասարակարգի էության ու բնույթի հետ:Փորձեմ միտքս փոքր-ինչ պարզաբանել: Բնավ հիմք չընդունելով հայ ժողովրդի մասին Է.Կանտի,Ա.Պուշկինի կամ այլ ինչ-որ մեկի արտահայտած կարծիքները, այնուհանդերձ հարկ է հաշվի առնել նրանցում ներկայացված ճշմարտանման մասերը, որոնք դրսևորման լայն հնարավորություն են ստանում արդի իրավիճակում:Մասնավորապես, այդպիսինն են մեր մտածելակերպի որոշ առանձնահատկություններ: Անշուշտ, հայ միտքը բարձրակարգ է ու բարձրորակ, բայց անհամապատասխան մտածելակերպային դրսևորմամբ:Իրոք, մեզնից յուրաքանչյուրը հասկանում և ընդունում է ըստ կարևորության աճի կարգավորված մտածելակերպային արժեքանին` սպեկտրը-անձ, ընտանիք, պետություն, ազգ, մարդկություն, որի առավելագույն արժեքը «փոքր» ազգի համար ընկնում է պետության ու ազգի վրա: ԵՎ յուրաքանչյուրս այն բարձրաձայնում ենք ամեն կերպ ու ամենուր, մեղադրում ենք բոլորին` իշխանությանը, ղեկավարին, հարևանին, ընկերոջը, «պետական կամ ազգային մտածելակերպ չունենալու կամ նրա պակասի համար»:Այնինչ առօրյայում իրականացնում ենք այլ արժեքանի, երբ առաջնայինը անձն ու ընտանիքն են, իսկ պետականն ու ազգայինը վերջին տեղում են, այն էլ անբավարար չափով: Խոսքի և գործի հակադրությունը ակնառու է: Նման կերպ, մտքով համարձակ ենք, ստեղծագործ ու առաջատար, իսկ գործով թերահավատ, անվստահ ու ստրկամիտ ենք: Հարկավ, այսօրինակ թերության համար պատասխանատու ենք բոլորս ազգովի, բայց մեղքի գլխավոր մասը գիտատեխնիկական մտավորականության, որպես ազգի «ուղեղային» մասի, բաժինն է: Համամիտ չեմ այն կարծիքներին, թե չեն թույլատրում, հնարավորություն չեն տալիս և այլն: Խրախուսելի չէ սեփական թերացումների պատճառները ուրիշների մեջ փնտրելը` այլ երկրների. ժողովուրդների, վաղուց մեռած գործիչների ու այլոց մեջ: Իրականում երևի հենց մեր պատճառով է, մեր անհամարձակության, հարմարվողականության ու անազատամտւթյան պատճառով է դա լինում: Այս հասարակարգում մեր մտավորականությունը հիմնականում նպատակաուղղված է դեպի մասնակին, ընդհուպ անձնականը, բայց ոչ դեպի ազգայինը, պետականը, ընդհանուրը: Արդյունքում չկա մշակված և ընդունված Հայ ազգի, ուստի և պետության (ու՞մ, ի՞նչի) ծրագիր, որին չեն կարող փոխարինել ինչ-որ մասնակի ազգային (ինչպի՞սի , ածական է) ծրագրեր: Այնինչ հենց Ազգի ծրագիրն է այն վահանը, որով ՀՀ իշխանությունները պետք է դիմակայեն արտաքին թելադրանքներին: Այդ վահանը մենք չենք կռել և չենք էլ փորձում այդ անել: Բացի այդ, հենց ազգի ծրագիրը պետք է ուղղորդի մեր ողջ գործունեությունը: Մեր այդ թերացումները մասնակիորեն չեզոքացրեց ՀՀ կառավարությունը` համարձակորեն երկրի տնտեսական զարգացման գիտահենք ուղղությունը: Մեխանիկորեն հիմք է ընդունվել մեր ունեցած գիտատեխնիկական բարձր որակը: Դա, անշուշտ, ճշմարիտ է, բայց մեր այս բնույթը բավ է, արդյոք, այդ նպատակի համար: Մեծ հարց է: Առայսօր, ըստ էության, այդ ծրագրին նպաստող ոչինչ ենք արել: Դրա փոխարեն ծնել ենք, այսպես կոչված, «փոշիացման էֆեկտ», երբ մեր մարդկային, մտավոր, տնտեսական, ֆինանսական և այլ հնարավորություններ ապահամախմբվում են, մասնատվում ու բաժանվում մանր մասերի` «փոշեհատիկների», ինչը և խոչընդոտում է, օրինակ, էներգաարտադրամիջոցների արտադրությունը: Հաջորդը թերահավատությունն է սեփական ուժերի հանդեպ, մտավոր ստրկամտության և ամլության պես մի բան. ուրիշն արե՞լ է, ուրիշն անի` նոր մենք, ուրիշի հետ անենք, ուրիշի համար անենք… և այլն: Սա երաշխավորում է, լավագույն դեպքում, պոչից կպչելը, բայց ոչ ավելին: Արդյունքում ապրում ենք անցյալով, կարծես չկա ներկան ու ապագան: Ամենուրեք հաճախ ենք հիշատակում Խորենացի, Շիրակացի, Նարեկացի, կամ էլ համաշխարհային փառքի տիրացած Համբարձումյան, Ալիխանյան, Մերգելյան, Խաչատրյան, Սարյան և այլն, կամ էլ` կառուցել ենք… Իսկ հիմա՞ - դպրոց ենք նորոգել, կտրած ծառի փոխարեն ծառ ենք տնկել…: Որ հիմա ավելի չենք անում, մեղավոր են բոլորը` ԱՄՆ, Թուրքիան, Ռուսաստանը, բայց ոչ մենք: Եկեք մենք մեզ ասենք. «Դավիթ, թափ տուր մի քեզ»: Հիմա արդեն իսկ ժամանակն է: Քայլը մտավորականությունն է` իշխանությունների աջակցությամբ: 

- Ակնհայտ է, որ մոտ ապագայում Ձեր ակնարկած ազգի ծրագիրը` թելադրողն է ու փարոսը, չի լինելու: Այդ դեպքում ինչպի՞սի ուղիներ կան ՀՀ էներգետիկայի համար: 
- Բարեբախտաբար էներգետիկայի համար հնարավոր է ունենալ լավ ռազմավարություն, քանզի այն ամենաառաջնայինն է և հիմնականում գիտատեխնիկական բնույթի է: Կարելի է մշակել «անտարբեր» (ինվարիանտ) և հարմարվողական ծրագիր, որը կարող է համահունչ լինել ազգի ցանկացած տրամաբանորեն հիմնավորված ծրագրի հետ: Ելակետային կլինեն իրատեսությունը և նպատակահարմարությունը ՀՀ-ի համար: Դա բնավ չի նշանակում պարփակվել և մեկուսանալ, հակառակը, պետք է հենց ի սկզբանե նպատակամղվել դեպի համաշխարհային շուկա ու էներգետիկան: Ուղղակի հարկ է խիստ որոշակի ուղղություն, որը առավելագույնս համապատասխանի ՀՀ հնարավորությունների համալիրին, լինի հեռանկարային և ընդունված աշխարհի կողմից, ունենա ճկունություն, հետագա զարգանալու հնարավորություն և ազատ շուկա : Ընդ որում, պետությունը ինչ-որ եղանակներով պետք է տեղեկացնի իր որդեգրած ռազմավարության մասին` խթանելու համար ներդրումենրին: Այս ուղղությամբ որոշ ջանքեր արդեն գործադրվում են ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղագիտության բաժանմունքի և ՀՀ այլընտրանքային էներգետիկայի և էներգաարդյունավետության Հիմնադրամի կողմից: 

- Ըստ Ձեզ, ո՞ր ուղղությունն է լավագույնը:
-Վատ ուղղություն չկա, կա նպատակահարմարը, համապատասխանը: Ըստ ինձ, ՀՀ-ի էներգետիկայի և արտադրության ռազմավարությանը ամենահարմար հավակնորդը ֆոտովոլտաիկ արևաէներգետիկան է, այս փուլում` սիլիցիումայինը: Այս պնդումը ապացուցելի է: Մնացած այլ տեսակները կարող են ունենալ մարտավարական նշանակություն, կամ էլ իրականացվեն առևտրային սկզբունքներով:
Ձեր թույլտվությամբ ուզում եմ ՀՀ ԳԱԱ կառավարությանը ներկայացված ծրագրից որոշ մեջբերումներ անել որպես եզրահանգում:Ֆոտովոլտաիկ արևաէլեկտրակայանների (ՖԱԷԿ) ուղղությունը լավագույն հավակնորդ է էներգետիկայի, արտադրական և գիտակրթական ոլորտների ռազմավարական էական մաս կազմելու:
Ներքին շուկայում էներգիայի և էներգաարտադրամիջոցների պահանջարկի ցուցանիշը 5000 Մվտ է, որի գնելը ՀՀ-ի համար ավելի քան 10 միլիարդ դոլարի ֆինանսական արտահանւմ է նշանակում, որն, անշուշտ, ցանկալի չէ: Գիտակրթականն այստեղ հարակից մուլտիպլիկացիոն, բայց անխուսափելի անհրաժեշտության կցորդի դերակատարում ունի: Հասկանալի է անկասկած, որ հարցի արտաքնացումը անթույլատրելի է ոչ միայն ֆինանսների անհարկի արտահանման առումով, այլև երիտասարդության բարձրունակ մասի կործանարար արտագաղթը գոնե լրացուցիչ չխթանելու համար:
Արտաքին շուկան գործնականում անհագ է, խիստ եկամտաբեր է ու եզակի հնարավորություն է համաշխարհային շուկայում կայուն և հարատև տեղ զբաղեցնելու համար, այսինքն, արդյունավետ կերպով կենսագործելու պետության որդեգրած տնտեսական քաղաքականությունը;
ՖԱԷԿ-ի ուղղությունը օժտված է շատ բարձր մուլտիպլիկատիվությամբ, որի բոլոր կարգերի հաշվառմամբ մեկ միջին արտադրահզորության մոդուլը կապահովի 30000-50000 մշտական աշխատատեղեր ՀՀ-ում: Այս ուղղությունը նաև լավ միջոց է արտահանելու ինտելեկտուալ ապրանք ու գիտակրթական ոլորտի այլ հնարավորություններ: Ի դեպ, տարեկան 1000 Մվտ արտադրություն տվող գործարանի համար պահանջվող ֆինանսական ներդրումը կատարվում է միայն մեկ անգամ և չի գերազանցում մեկ միլիարդ դոլարի սահմանը:
Շատ կարևոր է, որ ՖԱԷԿ-ի ուղղությունը կարելի է իրականացնել «զրոյական» տեխնոլոգիայով ողջ գործընթացը`հումքից մինչև ՖԱԷԿ ներառյալ, այսինքն,կատարյալ անկախ է արտաքին աշխարհից:
Կարծում եմ տնտեսական այս սուր ճգնաժամին սա կարող է հանդիսանալ արդյունավետ փրկարար միջոց, եթե միայն մեր գիտատեխնիկական խավը լծվի իր բուն առաքելության իրականացմանը,իսկ իշխանական միջնաշերտն էլ նվազագույնի հասցնի իր գործունեության խոչընդոտող մասը գոնե մինչև ճգնաժամի ավարտը:Հուսանք,որ այդպես էլ կլինի:

-Դուք էլ այդ խավի ներկայացուցիչ եք, ինչու ինքներդ միջոցներ չեք ձեռնարկում՞: Ավելին, Ձեր պատասխաններում ինչ-որ անվստահության, անվճռականության ու հուսահատության նրբերանգներ են ուրվագծվում, ինչումն է խնդիրը՞
-Դուք ճիշտ եք,ես գիտատեխնիկական խավի ներկայացուցիչ եմ և դրանով պարծենում եմ ու նրա թերացումները համարում եմ իմը`անկախ իմ մասնակցության չափից: Խնդիրը այն է, որ մեր խավում չկա միանպատակություն,ինչը խավում ունի նույն դերակատարումը,ինչպիսինը ունի բյուրոկրատիան իշխանական օղակներում: Դա շատ մեծ խոչընդոտ է ամեն ձեռնարկումի համար, քանզի իր հիմքում ունի, որքան էլ տարօրինակ թվա, մեր մտավորականության բարձր մակարդակը:Վերջինիս շնորհիվ համառորեն պաշտպանվում է ցանկացած տարբերակ`հարմար, թե անհարմար, ճիշտ թե սխալ: Վերջերս բազմիցս են թմբկահարվում ու ցուցադրվում այս կամ այն շենքի վրա դրված 10-20 Կվտ հզորության կայաններ: Որ ինչ՞ Որ կարող ենք ոչ արդիական մի քանի հարյուր դոլար արժողության կայանը գնել մի քանի հազարով՞ Եթե այո, ապա դա տնաքանդության դասի գործընթաց է լոկ, բայց պաշտպանվում է: Այդօրինակ կայան 1992 թվականին Բազումի սովխոզում անվճար տեղադրել ենք պրոֆ. Գ.Մ.Միրզաբեկյանի հետ, որպեսզի մեր որոշ նախարարներ տեսնեն, որ դա հեքիաթ չէ, որ էլեկտրաեռակցում է անում և տասնյակ լամպեր է վառում: Չենք թմբկահարել, քանզի դա չէր մեր խնդիրը: Միթե բնական չէ եզրակացնել, որ այստեղ նպատակը ՀՀ էներգետիկան կամ տնտեսական զարգացումը չեն, այլ ուրիշ ինչ-որ բաներ:Սա իրոք վհատեցնող է:Եվ ճիշտ եք նկատել անկումային տրամադրությունները:Իսկ եթե նաև ավելացնենք հաճախ ծիծաղելի հասնող բյուրոկրատական գործընթացները, նրբերանգները կվերածվեն երանգների,այնպես որ ես դեռևս լավատես եմ: Նույնիսկ շատ, քանզի, բացի կոնկրետ ծրագրերից, մշակել եմ նաև Դիլիջան քաղաքում հենքային գիտաքաղաքի ամբողջական ծրագիր, որը, հուսով եմ, իմ կենդանության օրոք կհաղթահարի միջնաշերտային պատնեշը և կհանձնվի կառավարության քննարկմանը: Ի հավստումն վերը նշվածի բնականաբար պատրաստ եմ իմ բոլոր ծրագրերի շնորհանդեսը կազմակերպել ցանկացած մակարդակով և ցանկացած միջավայրում:

-Այդ ճանապարհին ո՞րն է ամենադժվար հաղթահարելի խոչընդոտը: 
- Գուցե տարօրինակ թվա, հիմնական դժվարությունը կապված է մասնագիտական ապահովվածության անբավարարության հետ, մեղմ ասած: Դա իր հերթին հետևանք է մի կողմից մեր հասարակության մասնագիտական կառուցվածքի ոչ լավագույն ուղղորդմամբ, մյուս կողմից, ողջ հանրապետությանը և նրանում ընթացող գործընթացներով, որոնք կարծես միահամուռ կերպով նպատակաուղղված են երիտասարդության ունակ մասի արտագաղթի խթանմանը: Այս կործանարար երևույթի հիմնական պատճառը տնտեսականը չէ, ինչպես բազմիցս խոսվում է, այլ ավելի խորքային, արմատական է, որի մասին չէի կամենա բարձրաձայնել:

-Իսկ ի՞նչ կասեք նոր ատոմակայանի կառուցման մասին: 
- Հարցի գլխավոր մասը քաղաքական է, ուստի չեմ ցանկանում արտահայտվել: Ըստ ինձ, պետք է, բայց ոչ մեր ընդերքի շահագործման հաշվին:

-Ի վերջո, էներգետիկայի գերխնդրում դուք լավատե՞ս եք:
-Մի քիչ ավելի է լավատեսությունս, քան վատատեսությունս: Լիակատար լավատեսությանս խանգարում է այն, որ հարցի լուծումը արդյունք է լինելու իշխանության ու գիտատեխնիկական մտավորականության սերտ և ոչ ձևական համագործակցության, ինչը հիմա դժվար կանխատեսելի է: Վերջը, սակայն, լավ կլինի:

Թղթ: Շնորհակալ եմ հարցազրույցի համար:
Կարայան: Ես նույնպես:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}