«Եվրատեսիլ»-ն այս տարի էլ դարձավ ինֆորմացիոն պատերազմի դաշտ
«Եվրատեսիլ»-ն այս տարի էլ դարձավ ինֆորմացիոն պատերազմի դաշտ: Այս անգամ առիթը Հայաստանը գովազդող տեսանյութում ԼՂ-ի «Մենք և մեր լեռները» հուշարձանի առկայությունն էր: Երբ Ադրբեջանում նկատեցին այն, դրա շուրջ իսկական պայքար սկսվեց:
Ադրբեջանի «սրտացավ» քաղաքացիները սկսեցին հարձակումներ սեփական մամուլի, կառավարության, իսկ հետո ռուսական հեռուստաընկերություն վրա:
«Ռոսբալտ»-ը նշում է, որ հուշարձանը իրականում այլ երկրների բնակիչներին ծանոթ չէր: Քչերը երևի թե կարողացել են նկատել տեսահոլովակում մի ակնթարթ երևացող հուշարձանը, որը հայերն ուղղակի «Պապիկ և տատիկ» են անվանում: Բայց ադրբեջանական լրատվամիջոցները և արտաքին քաղաքականության գերատեսչությունը դա կապեցին ԼՂ հետ և Ռուսաստանից պահանջեցին տեսահոլովակից հանել այդ հուշարձանը, որը գտնվում է ԼՂ տարածքում, ինչը, ըստ պաշտոնական Բաքվի դիրքորոշման, չի կարող լինել Հայաստանը ներկայացնող հոլովակում: Միայն մրցույթի օրը հայկական կողմին հայտնի դարձավ Ռուսաստանի առաջին ալիքի որոշումը` չվիճել: Հայկական կազմակերպություններից համապատասխան նամակներն ու դիմումները տեղ հասան վերջին պահին, բայց անօգուտ, արդեն մրցույթի սկզբին հայտնի դարձավ, որ «Պապիկն ու տատիկը» չեն հայտնվի էկրանին: Այն բացատրությունները, որ հուշարձանը սարքել է հայ քանդակագործ, որ Լեռնային Ղարաբաղը վաղուց Ադրբեջանի մաս չէ, ազդեցություն չունեցան: Հոլովակը մոնտաժի ենթարկվեց:
Բայց հայկական կողմը պարտքի տակ չմնաց: Միավորների հայտարարման ժամանակ Սիրուշոյի հետևի ֆոնի վրա գիշերային Երևանն էր ու «Պապիկն ու տատիկը»: Բացի այդ հուշարձանի նկարը կար նաև նրա ձեռքին բռնած թղթապանակի վրա: Մի խոսքով, երկու հուշարձան` մեկ նկարհանման մեջ:
Մի խոսքով, եթե բոլորի համար միջազգային այս մրցույթն ավարտվել է, ապա հայերի ու ադրբեջանցիների համար դեռ նոր են սկսվում շոուի ամենահետաքրքիր ու սրտաճմլիկ պահերը: Արդեն առաջիկայում տեսանելի կլինեն դրանք: