ԲՈՒՀ Է ԴԻՄԵԼ 10 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ
Հանրապետական ընդունող հանձնաժողովը ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ քննարկել և հաստատել է կենտրոնացված քննությունների ժամանակացույցը, ըստ որի՝ դրանք տեղի կունենան հուլիսի 15-26-ը: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից:
Նա նշեց, որ մայիսի 27-ի տվյալներով հանրապետության պետական բուհեր է դիմել 10 հազար դիմորդ:
Ընդունելության քննությունների կանոնների համաձայն՝ նրանցից 159-ը օգտվելու են տարբեր արտոնություններից, քանի որ պատկանում են սահմանված սոցիալական խմբերին, մասնավորապես, դիմորդներից 78-ը զոհված ազատամարտիկի երեխա է, 68-ը՝ մանկուց հաշմանդամ, 13-ը՝ առանց ծնողական խնամքի:
Այս տարի կենտրոնացված կարգով կանցկացվեն հայոց և օտար լեզուների բանավոր քննությունները, ինչպես նաև ապագա լրագրողների ստեղծագործական մրցույթը: Շարադրության այս քննությունը կտևի 4 ժամ, բողոքարկման առումով կգործի նախորդ տարիների քննությունների համար գործող նույն կարգը:
Ա. Բաղդասարյանի տեղեկացմամբ, հանրապետական ընդունող հանձնաժողովը ՀՀ ԿԳ նախարարի գլխավորությամբ քննարկել է ռուսերենի ուսուցմամբ դասարանների և դպրոցների շրջանավարտների հարցը, ովքեր ավարտական վկայականում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեն:
ՀԸՀ որոշմամբ, այն ֆակուլտետներում, որտեղ «Հայոց լեզու» առարկայի գնահատականը ոչ մրցութային է, ռուսերենի ուսուցմամբ դասարանների շրջանավարտներին կթույլատրվի դրա փոխարեն ներկայացնել «Ռուսաց լեզվի» գնահատականը:
Ջավախքի դիմորդների պարագայում նույն ֆակուլտետներում որպես ոչ մրցութային միավոր կընդունվի ավարտական վկայականի «Հայոց լեզվի» միավորը: