ԲԱՑՎԵԼ Է «ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՅՔԷՋԸ
Բացվել է «Լույս» հիմնադրամի կայքէջը ՝ www.luys.am: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:
Կայքը հնարավորություն կտա առաջատար բուհերում ու գիտակրթական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացի և սփյուռքահայ երիտասարդներին ծանոթանալ, թե ինչպես կարող են իրենց ուսումը շարունակել աշխարհի առաջատար բուհերում` պետության աջակցությամբ: Ա. Իշխանյանն ասաց, որ հայտերն արդեն` մայիսի 18-ից, ընդունվում են, ինչպես նաև հայտարարված է 2009/2010 ուսումնական տարվա բյուջեն։
Ա. Իշխանյանի խոսքով, ծրագիրը լիակատար իրագործելու համար դեռևս անելիք կան. «Ակնհայտ է, որ ծրագրի պետական լինելը պարտադիր պետք է ամրագրված լինի կառավարության հատուկ որոշմամբ, պետք է գոյություն ունենա որոշման տարեթիվ և համար, ու այդ համարը պետք է նշված լինի կայքեջում»,- հավելեց նա
Նրա խոսքով, կրթաթոշակառուի զինապարտության կարգավիճակը պետք է հավասարեցվի ուսանողների փոխանակման միջպետական պայմանագրերով և համաձայնագրերով սովորողների կարգավիճակին (պետք է համապատսխան օրենքում կատարվի անհրաժեշտ լրացում):
Ա. Իշխանյանը նշեց, որ «Լույսը» պետք է իրականացնի Հայաստանի կառավարության պետական պատվերը և պետք է գոյություն ունենա համապատասխան պայմանագիր կողմերի միջև, իսկ հայտերը պետք է ընդունվեն անընդմեջ: «Այնուհանդերձ, նախ՝ ասենք, որ իրապես լա՛վ է, որ շատ հիմնական սկզբունքներ, մոտեցումներ, գործունեության առաջ քաշված ուղղությունները և շատ այլ շեշտեր ու հանգամանքներ պահպանվա՛ծ են»,-նշեց նա:
ՀՀ վարչապետի կողմից երկու տարի առաջ հաստատվել էր «Աշխարհի առաջատար բուհերում բարձրակարգ կադրերի պատրաստման նպատակով ՀՀ և սփյուռքահայ առավել օժտված երեխաների հայտնաբերման և նրանց այդ առաջատար բուհերն ընդունվելուն օժանդակելու ծրագրի հայեցակարգի» ժամանակացույցը, իսկ այդ ծրագրի իրականացման համար մեկ տարի առաջ էլ ստեղծվել է աշխատանքային խումբ և «Լույս» հիմնադրամը: Այս տարի հուվարի 9-ին հիմնադրամի տնօրեն է ընտրվել սփյուռքահայ Ժակլին Կարաասլանյանը: Նշենք, որ հայեցակարգի հեղինակը Արթուր Իշխանյանն է: