ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր հանրապետությունում մեկնարկեց հայոց լեզու և գրականության միասնական քննությունը: Հանրապետության շուրջ 43 քննական կենտրոններում քննություն են հանձնում շուրջ 13 հազարից ավելի շրջանավարտներ:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց` հետևելու միասնական քննությունների ընթացքին:
ԿԳ նախարարը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի հետ շրջեցին քննասենյակներով: Արմեն Աշոտյանն աշակերտներին հաջողություն մաղթեց և նշեց, որ վստահ է, որ նրանք հաջողությամբ կհանձնեն քննությունները:
Նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց. «Գրեթե բոլոր դիմորդները հանձնում են հայոց լեզու առարկան: Կազմակերպչական տեսակետից ամենածանր առարկան է, որովհետև մասնակիցները շատ են»: Աշոտյանի խոսքով, միասնական քննությունների առավելությունն այն է, որ քննական ցանկացած կենտրոնից կարելի է ընդունվել ցանկացած բուհ: «Մենք պարտավոր են ապահովել նույնանման որակ` ողջ հանրապետությունով մեկ, որ վերջական պատկերը լինի համասեռ ու տարբերությունները մեծ չլինեն»,-ասաց նա:
Նրա խոսքով, պետք է բացառվի տեղերում անձնական միջամտությունը, գործընթացը պիտի լինի օբյեկտիվ:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգելդյանն էլ նշեց, որ անցած երկու տարիների արդյունքներով, երբ 1280 աշակերտ է մասնակցել, որևէ բողոք չեն ստացել: «Նախարարության ու մարզպետարանի կողմից առավելագույնս պայմաններ են ստեղծվել: Մեր երեխաները որևէ խնդիր չունեն: Անցած տարվա արդյունքներով շուրջ 700-ն ընդունվել են պետական բուհեր: Կարծում եմ, այս տարի էլ այս ցուցանիշը կրկնվելու է», - հավելեց մարզպետը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը քննասենյակներից դուրս գալուց հետո խոսեց ծնողների հետ և նշեց, որ ներսում ամեն ինչ նորմալ է, երեխաները մի քիչ հուզված են, բայց դա կարելի է հաղթահարել տրված ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան