ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. ԹԵՍՏԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 4 դպրոցում շրջելուց հետ այցելեց Երևանի թիվ 199 դպրոցում տեղակայված քննական կենտրոն: Թիվ 199 դպրոցի քննական հանձնաժողովի նախագահ Գյուլնարա Փալիկյանը տեղեկացրեց, որ այսօր քննությանը մասնակցելու նախապես հայտագրվել էին 359 դիմորդ, որոնցից 13-ը չեն ներկայացել քննության:
Ծնողների այն մտահոգությանը, թե արդյոք ճիշտ է, որ թեստերի արտահոսք է եղել, նախարարը վստահեցրեց, որ նման բան ուղղակի չէր կարող լինել: Նրա խոսքով, եթե արտահոսք լիներ, ապա հայոց լեզվի և գրականության միասնական քննության միջին բալը չէր իջնի 1.5 նախորդ տարվա համեմատ, այդ դեպքում ավելի բարձր արդյունքներ կունենայինք: Նա նաև հերքեց, այն շրջանառվող լուրերը, թե հայոց լեզվի և գրականության նոր քննություն է անցկացվելու:
Ծնողները նախարարին նաև բողոքեցին, որ այս տարի մաթեմատիկայի միասնական քննության ժամը կրճատել են 1 ժամով: Նշենք, որ անցած տարի մաթեմատիկայի միասնական քննությանը տրամադրված է 4 ժամ, իսկ այս տարի` 3 ժամ: Նախարարը նշեց, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ վերջին մեկ ժամում բոլորը սկսում են իրար հուշել և խանգարել:
Ծնողների այն հարցին, որպես ԿԳ նախարար արդյոք դուք չեք մտահոգվում, որ հայոց լեզվի և գրականության քննության միջին միավորը այդքան ցածր է, նա նշեց, որ հայոց լեզվի և գրականության միասնական քննություներով չէ, որ մեր հասարակությունը ցույց է տալիս հայոց լեզվի իրական արժևորումը: