ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանն ամառային մեկամսյա արձակուրդից հետո` հունիսի 15-ից վերսկսել է 2009-2010 թթ. նոր ուսումնական տարին:
Ինչպես տեղեկացրին Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանից, այժմ այնտեղ ուսանում են հնդկահայ, ինչպես նաև Հայաստանից, Պարսկաստանից և Իրաքից ժամանած հայորդիներ:
Տեղեկատվության համաձայն, այս տարի ևս ճեմարանը համալրվել է Իրաքից ժամանած մի խումբ հայ պատանիներով ու Հայաստանից հրավիրված ուսուցչուհիներով:
Հիշեցնենք, որ լինելով սփյուռքի հնագույն կրթօջախներից մեկը, գտնվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր ուշադրության ներքո` ճեմարանը շարունակում է կրթական գործունեություն ծավալել հեռավոր Հնդկաստանում: