ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի կրթության նախարար Նատալիա Շերրիին:
Ինչպես տեղեկացրին կրթության և գիտության նախարարությունից, Ա. Աշոտյանը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կրթության ոլորտում իրականացվող համագործակցությունը վերջին տարիներին խիստ արդյունավետ է եղել: Ըստ գործող միջպետական համաձայնագրի` ամեն տարի ՀՀ քաղաքացիներին ՌԴ բուհերում կրթություն ստանալու հնարավորություն է տրվում: Այս տարի հատկացված 95 տեղից օգտագործվել է միայն 24-ը, որի պատճառն, ըստ նախարարի, եղել է ինչպես տեղեկատվության պակասը, այնպես էլ առաջարկվող մասնագիտությունների ցանկը, որը հիմնականում չի համապատասխանել աշխատաշուկայի պահանջներին: Ա. Աշոտյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի փորձ կարվի հստակեցնել առաջարկվող մասնագիտությունների և առկա պահանջարկի սահմանները:
Ա. Աշոտյանը ներկայացրել է նաև Հայաստանի կրթական համակարգում իրականացվող գործընթացները, որոնք միտված են կրթության որակի ապահովմանը, ինչպես նաև անդրադարձել է մասնագիտական կրթության մատչելիությանը` նշելով, որ բուհերի վարձավճարները շատ հաճախ հասանելի չեն սոցիալական լայն շերտերին, իսկ պետության կողմից փոխհատուցվող տեղերը սահմանափակ են:
Կալինինգրադի մարզի կրթության նախարարն իր հերթին ներկայացնելով Ռուսաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, նշել է, որ փորձի փոխանակման տեսանկյունից այսօրինակ այցելությունները կարող են լավ ավանդույթ դառնալ: Նա ընդգծել է, որ վերջին 3 տարիների ընթացքում Ռուսաստանում, մասնավորապես Կալինինգրադի մարզում, կրթական բարեփոխումներն արդյունավետ են ընթանում, որն իր ցայտուն դրսևորումներն է գտել հատկապես հանրակրթության ոլորտում:
Ըստ այդմ, ֆինանսավորման նոր ձևի անցումը Կալինինգրադի դպրոցներում լուծել է մի շարք խնդիրներ. դպրոցներն ավելի ինքնավար են դարձել: Գումարների վերաբաշխումն իրականացվել է` հօգուտ որակյալ կրթության: Նախարարն անդրադարձել է նաև մարզում գործող մասնավոր դպրոցներին` նշելով, որ նրանց որակը դեռևս հեռու է կատարյալ լինելուց, բայց օրինակ բերեց ոչ պետական դպրոցներից մեկը, որն, իրավամբ դասվում է Կալինինգրադի լավագույն դպրոցների շարքին:
Վերջում, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Կալինինգրադի մարզի կրթության նախարարության կողմից կներկայացվի առաջարկությունների փաթեթ` հետագա համագործակցության ընդլայնման նպատակով: