«ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ` ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն «Ռուսաց լեզու» միասնական քննության ընթացակարգին ծանոթանալու համար այսօր այցելեց Արարատի մարզի Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված քննական կենտրոն:
Նա շրջանավարտներին հաջողություն մաղթեց, ապա ծնողների ու լրագրողների ներկայությամբ բացվեցին թեստերը, և քննությունը մեկնարկեց ճիշտ ժամանակին։
Ա. Աշոտյանը լրագրողների հետ զրույցում, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց միասնական և ավարտական քննությունները։
«Ողջ ընթացքում մենք հետևողական ենք եղել սահմանված ընթացակարգերի պահպանման գործում և արձագանքել ենք ինչպես ծնողների հետ անձնական հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերին, այնպես էլ լրատվամիջոցների հրապարակումներին։
Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ հատուկ ուշադրություն ենք դարձրել մարզերում ընթացող քննություններին` այցելել ենք 5 մարզ»,- ասաց նախարարը։
Նրա խոսքերով, քննությունները լարված գործընթաց են թե՛ հասարակության, թե՛ կրթական գերատեսչության համար. «Մենք ևս օր օրի սպասում են դրանց ավարտին»,-հավելեց նա:
Ա. Աշոտյանը նշեց, որ ԿԳ նախարարությունը քննություններ կազմակերպող կառույց չէ։
«Մենք բազմաթիվ այլ խնդիրներ ունենք, որոնց լուծմանը պետք է ձեռնամուխ լինենք անմիջապես քննաշրջանի ավարտից հետո»,- վստահեցրեց նախարարը։
Ի պատասխան լրագրողի հարցին` կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին, ԿԳ նախարարը պատասխանեց. «Ցավոք, մեր հասարակությունը զերծ չէ նման երևույթներից ու կրթական համակարգը չի կարող օազիս լինել։ Իհարկե, ես չեմ կիսում նաև այն կարծիքը, որ առողջապահության և կրթության ոլորտներն են լոկոմոտիվը, բայց չեմ կարող նաև լիովին բացառել նման խնդիրների առկայությունը։ Միանշանակ է, որ մենք պայքարում ենք դրանց դեմ՝ հնարավորինս բացառելու նպատակով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան