ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Իտալիայում 2010 թվականի գարնանը կբացվի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի լավագույն աշխատանքների ցուցահանդեսը: Տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը:
Նա նշեց, որ առաջին ցուցադրությունը տեղի կունենա Հռոմում, այնուհետև Նեապոլում, Վենետիկում և Ֆլորենցիայում: Ցուցահանդեսում կցուցադրվի մոտ 100 նկար:
Ս. Հարությունյանի խոսքով, ցուցահանդեսը կազմակերպվելու է ՀՀ մշակութի նախարարության հովանավորությամբ և «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի աջակցությամբ: Նա հայտնեց, որ ցուցահանդեսը համակարգելու համար Ֆլորենցիայում «Մինաս Ավետիսյան» հիմնադարամի ներկայացուցիչ, քանդակագործ Վիգեն Ավետիսը դիմել է Իտալիայի ամենահայտնի արվեստաբաններից մեկին` Ֆրանչեսկո Գալլոյին, ով սիրով համաձայնել է իր ներդրումն ունենալ այս գործում:
Նախարարի խորհրդական նշեց, որ Ֆրանչեսկո Գալլոն ցուցահանդեսը կազմակերպելու և Մինասի աշխատանքներին ծանոթանալու համար ՀՀ մշակութի նախարարության հրավերով հունիսին 4 օրով հրավիրվել է Հայաստան:
Նախարարի խորհրդականի խոսքով, Մինաս Ավետիսյանի նկարների միջոցով հայկական մշակույթը կներթափանցի իտալական իրականության մեջ, և շատերը, ովքեր ծանոթ չեն հայկական մշակույթին, կծանոթանան նրա նկարների միջոցով: