ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները: Քննությունների առաջին փուլը նախարարի տեղակալը գնահատեց արդյունավետ ու հաջողված: Անդրադառնալով բողոքարկման հետ կապված հարցերին` նա նշեց` բողոքները հիմնականում եղել են մասնագետների կողմից հայոց լեզու և գրականություն առարկայի թեստի հետ կապված:
Մնացած դեպքերը նա դիտարկեց որպես ծնողների վրդովմունք` կապված թեստերի բարդության հետ: Ծածկագրերի պատճառով այս տարի «Անգլերեն լեզու» առարկայի միասնական քննությունից հեռացված չորս դիմորդների որոշում է կայացվել թույլատրել մասնակցելու լրացուցիչ քննությանը: Նախարարի տեղակալը նշեց, որ հաջորդ տարի նման մոտեցումը կբացառվի:
Անդրադառնալով միասնական քննությունների միջին միավորներին և համեմատելով այս տարի դպրոցներում անցկացված ընթացիկ գնահատման արդյունքների հետ` Մ. Մկրտչյանը համարում է, որ հանրակրթական դպրոցներում վիճակը այնքան էլ վատ չէ, ինչպես փորձում են ներկայացնել:
Նախարարի տեղակալը, անդրադառնալով մարզերից մեկում միասնական քննությունների ընթացքում արձանագրված կազմակերպչական խնդիրներին, նշեց, որ Գնահատման և թեստավորման կենտրոնն ամեն տարի իրականացնում է կազմակերպիչների վերապատրաստում. «մեկ-երկու տարի անց արդեն կունենանք վերապատրաստված մասնագետներ, որոնք տեղերում անթերի կիրականացնեն գործընթացը»:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ հուլիսի 2-ին ավարտվում է միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը, իսկ հուլիսի 4-ից կմեկնարկի լրացուցիչ փուլը, որը կանցկացվի Երևանի թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում: