«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ-2009» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ. 6:0
«ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը նախօրեին տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:
Ըստ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, կառավարական օթյակում խաղին հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ֆուտբոլային մրցաշարի անցկացման նպատակն է նպաստել գործադիր մարմինների աշխատակիցների ֆիզիկական պատրաստականության բարձրացմանը, խորացնել ֆուտբոլի մասսայականությունը ՀՀ գործադիր մարմինների աշխատակիցների շրջանում եւ աջակցել սպորտում «Արդար խաղ» և «Առողջ Հայաստան» սկզբունքների արմատավորմանը: Մրցաշարը մեկնարկել է հունիսի 8-ին, մասնակցել են մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ֆուտբոլային թիմեր:
Եզրափակիչ փուլում հանդես են եկել ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ֆուտբոլային թիմերը: 6:0 հաշվով հաղթող է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարության թիմը, որն արժանացել է «ՀՀ վարչապետի գավաթ-2009» մրցանակին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով բոլոր մասնակիցներին սպորտային մեծ տոնահանդեսի առթիվ, հաղթող թիմին է հանձնել գլխավոր մրցանակը:
Մրցանակներ և պարգևներ են հանձնվել երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերին, լավագույն խաղացողին, լավագույն հարձակվողին, լավագույն դարպասապահին, լավագույն պաշտպանին, լավագույն կիսապաշտպանին, ամենակարգապահ թիմին, իսկ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից մրցանակ է հանձնվել լավագույն քաղաքացիական ծառայող ֆուտբոլիստին: