Թուրք ֆանատները հրավիրում են հայ երկրպագուներին
Ինչպես տեղեկացնում է «Ռոսսիյսկայա գազետա» թերթը, Թուրքիայում կրկին ցուցադրել են ֆուտբոլի միջոցով Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ձգտումը:
Այս անգամ Կայսերի քաղաքի, որտեղ 2009 թ. հոկտեմբերին պետք է տեղի ունենա աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը, երկրպագուները հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ: Տեղական ֆուտբոլային ֆանատների միավորումը խոստացել է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին տեղավորել իրենց բնակարաններում, որքան էլ մեծ լինի վերջիններիս թիվը:
Ֆանատների միավորման հրապարակած մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ թուրք երկրպագուները ցանկանում են «լավագույն կերպով իրենց բնակարաններում հյուրընկալել Հայաստանից ժամանող հյուրերին, ովքեր ցանկություն կունենան մարզադաշտում հետևել խաղի ընթացքին:
«Մենք հավատում ենք, որ Կայսերին ու Թուրքիան հիանալի կկազմակերպեն այդ հանդիպումը, որի հանդեպ ուշադրությունը մեծ է ողջ աշխարհում»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սա առաջին քայլը չէ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում: Անցած տարի Հայաստան կատարած իր «պատմական» այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով, ի դեպ, ծնունդով հենց Կայսերիից է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ներկա է եղել Հայաստան-Թուրքիա հանդիպմանը: Չնայած այն ժամանակ Երևանում ոչ թե բարեկամությունը հաղթեց, այլ Թուրքիայի հավաքականը, ՖԻՖԱ-ի 2008 թ. «Արդար խաղի» մրցանակը շնորհվեց երկու երկրների ֆուտբոլային ասոցիացիաներին, երկրներ, որոնք մինչ օրս դեռ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել:
Թուրքական ֆանատների ցանկությունը, անշուշտ, գովելի է, սակայն, կարծում ենք, նրանք հասկանում են, որ Հայաստանից երկրպագուներ դժվար թե մեկնեն Թուրքիա: Առաջին հերթին` այն պատճառով, որ Թուրքիան արդեն անվստահության օրինակ է ցույց տվել` իր երկրպագուներին խորհուրդ տալով հնարավոր հետևանքներից խուսափելու համար չժամանել Երևան: Մինչդեռ հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել ընդունել բոլոր երկրպագուներին ու նաև անվտանգության երաշխիքներ էր տվել: Երկրորդ` մինչ օրս Թուրքիան չի բացում Հայաստանի հետ սահմանը, ինչը շատ լուրջ խոչընդոտ է: Չենք կարծում, թե հայ երկրպագուները խաղին հետևելու նպատակով Կայսերի կմեկնեն Վրաստանի տարածքով: Բացի այդ, Երևանը Կայսերիին կապող օդային կամուրջ նույնպես գոյություն չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին