ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ»
Փախստականների վերադարձի հարցը կքննարկվի միայն Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո: Այսօր Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով օրերս հրապարակված մադրիդյան սկզբունքների համապատասխան կետը, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Արցախցի լրագրողները ՀՀ ԱԳ նախարարից մեկնաբանություններ են խնդրել հրապարակված փաստաթղթի այն դրույթի առնչությամբ, որտեղ խոսվում է բոլոր փախստականների ու տեղահանվածների նախկին բնակավայրեր վերադառնալու մասին: Պատասխանելով հարցին` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է.
«Ես արդեն արտահայտվել էի այդ կապակցությամբ և կարող եմ նորից կրկնել, որ փախստականների` Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ որևիցե քննարկում չի ընթանում: Այդ հարցին կարելի է անդրադառնալ միայն ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո, ավելի լայն կոնտեքստում` նկատի ունենալով նաև մոտ 400.000 հայ փախստականների հարցը»:
ԱԳ նախարարը Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտ է մեկնել այսօր: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկիզբ է առել 1980-ական թվականների վերջին` այն բանից հետո, երբ Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ը ցանկություն հայտնեց միավորվել ՀԽՍՀ-ին: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո` Ադրբեջանական ԽՍՀ անկախացմանը զուգահեռ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ԽՍՀՄ և միջազգային օրենքներին համաձայն անկախության հանրաքվե անցկացրեց և ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս փաստը հանգեցրեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծմանը, որոնք ուղեկցվում էին Ադրբեջանի տարածքից էթնիկ հայերի բռնագաղթով: Հակամարտության զինված փուլի ընթացքում, չնայած Ադրբեջանի թվական ու ռազմա-տեխնիկական առավելություններին, ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվեց դիմակայել և վերահսկողության տակ վերցնել ԼՂՀ հարակից յոթ շրջանները:
1994 թվականին Բիշքեկում ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվեց հրադադար հաստատելու մասին պայմանագիր: Նույն թվականին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում հաստատվեց հակամարտության կարգավորման մանդատը: Ներկայումս միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը գործում է 1997 թվականից, երբ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ միաժամանակ համանախագահությունը ստանձնեց նաև ԱՄՆ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները