«Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՍՊԱՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ». ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ՇԱՄԲԱՅԻ ԲԱՑԱՌԻԿ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ PANORAMA.AM-ԻՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օրերս հայտարարությամբ հանդես եկավ, որի համաձայն, «Ադրբեջանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և իր երկրի քաղաքացիներին կոչ անում Աբխազիա ու Հարավային Օսիա այցելելու համար դիմել վրացական իշխանություններին»: Ադրբեջանական կողմի այդ հայտարարության վերաբերյալ այսօր Panorama.am-ին մեկնաբանություն է տվել Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան:
-Պարոն Շամբա, ինչպե՞ս եք մեկնաբանում պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունը, թե Ադրբեջանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
-Մենք Ադրբեջանից այլ բան չէինք էլ սպասում և նույնիսկ, ոչ մի պատասխան էլ չենք տվել այդ հայտարարությանը: Մեզ ավելի շատ զարմացրել է Բելոռուսի արտգործնախարարության հայտարարությունը և մենք ցավ ենք հայտնում, որ Բելոռուսի ԱԳՆ-ն հայտնում է մի դիրքորոշում, որը տարբերվում է այդ երկրի ղեկավարության քաղաքականությունից, քանի որ Աբխազիայի դեմ կիրառված սանկցիաները շարունակությունն է այն սանկցիաների, որոնք ԱՊՀ-ն կիրառել է Աբխազիայի դեմ Վրաստանի պահանջով: Այն ժամանակ Բելոռուսը չի ստորագրել այդ սանկցիաների տակ: Այդ իսկ պատճառով Բելոռուսի նման վարքագիծը մեզ շատ զարմացրեց: Մենք հասկանում ենք խոսքն ինչի մասին է, մենք գիտենք, որ Բելոռուսի մի քանի քաղաքացիներ Աբխազիայում գտնվելուց հետո գնացել են Վրաստան և այնտեղ որոշ տուգանքների են ենթարկվել, նույնիսկ կալանավորվել են: Իսկ Ադրբեջանի հայտարարությունը չհետաքրքրեց և մենք նույնիսկ չանդրադարձանք դրան:
-Իսկ ինչո՞ւ, այդքան կարևորություն չտվեցիք ադրբեջանական կողմից արված հայտարարությանը:
-Որովհետև Ադրբեջանը ՎՈՒԱՄ անդամ երկրներից է, և մեր նկատմամբ ունի ընդգծված թշնամական քաղաքականություն, ի՞նչ կարելի էր Ադրբեջանից սպասել: Ըստ էության, մեր երկիր Ադրբեջանի քաղաքացիներ չեն էլ այցելում, հնարավոր է ինչ-որ առանձին դեպքեր լինեն, բայց ընդհանուր առմամբ, ադրբեջանցիների զգալի քանակ Աբխազիա չի այցելում:
- Ի՞նչ եք կարծում, պաշտոնական Բաքվի հայտարարությունը Վաշինգտոնին հաճոյանալու համար հնչեցված «մեսիջ» հնարավո՞ր է համարել:
- Դա արվել է Վրաստանին պաշտպանելու համար: Նրանք ամեն ինչում իրար պաշտպանում են: Նրանց մոտ ինչ-որ միասնություն է, ինչ-որ խուճուճ միասնություն է: