ՎԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Օգոստոսի 1-ից 2-ը տեղի կունենա Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի հերթական` 11-րդ նիստը, որը կանցկացվի ՀՀ Կառավարության տան նիստերի դահլիճում: Նիստը կբացվի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթով, այնուհետև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործագիր տնօրեն Բեկոր Փափազյանի կողմից կներկայացվեն նոր ծրագրային առաջարկներ:
Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այս նիստի օրակարգում է կրթության ոլորտում իրականացվելիք ծրագրերին նվիրված աշխատանքային քննարկումը, որին հանդես կգան Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հրավիրված մասնակիցների թվում են նաև ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը և «Լույս» հիմնադրամի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ հասարակական կազմակերպությունը Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի գործադիր մարմինն է, որը հիմնադրվել է 2008թ-ին, որպես ՀՀ կառավարության և մասնավոր ոլորտի համատեղ նախաձեռնություն։ Հիմնադրամի նպատակն է խթանել Հայաստանի և հայկական աշխարհի մրցունակությունը` ապահովելով բեկումնային տնտեսական զարգացում: Հիմնադրամի գործունեության ոլորտներն են զբոսաշրջությունը, առողջապահությունը և կրթությունը։ Մրցունակության հիմնադրամի խորհուրդը կազմված է տասներեք անդամներից, որոնցից վեցը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, ևս վեցը` Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող երևելի հայազգի գործարարներ, իսկ տասներեքերորդ անդամը Հայաստանում միջազգային դոնոր համայնքի ներկայացուցիչ է։ Խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը։