ԿԳ ՆԱԽԱՐԱՐ «ՎԵՐԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ»
Բուհական ընդունելության քննությունների արդյունքում առաջացած թափուր տեղերի վերաբաշխում է տեղի ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Որոշումը կայացվել է Հանրապետական ընդունող հանձնաժողովի երեկվա նիստում:
Վերաբաշխումը իրականացնելու համար առաջնորդվել են չորս սկզբունքներով. մարզային կամ երևանյան բուհերի մարզային մասնաճյուղերում ավելացրել են 80 անվճար ուսուցման տեղ, որոնց հաշվին ուսանողները կկարողանան մնալ իրենց մարզերում: Երկրորդ` հաշվի է առնվել մշակույթի բուհերի առատ հոսքը. ընդառաջել են մշակութային երեք բուհերի եղած հայտերին և շուրջ 75 տեղ հատկացրել Գեղարվեստի պետական ակադեմիային, Կոմիտասի անվան Երևանի պետական Կոնսերվատորիային և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին` իրենց համապատասխան մասնաճյուղերով: Երրորդ սկզբունքով էլ թուլացվել է այն մասնագիտությունների գծով մրցութային լարվածությունը, որը եղել է հայտերի ընդունման ժամանակ. դա հիմնականում վերաբերում է իրավագիտությանը, միջազգային հարաբերություններին, ՀՀ Տնտեսագիտական համալսարանի գրեթե բոլոր մասնագիտություններին:
Ա. Աշոտյանի խոսքերով, չորրորդ սկզբունքը, որով առաջնորդվել են, այն է. հավելյալ տեղեր հատկացնել ճշգրիտ և բնագիտական առարկանների մասնագիտություններին, մասնավորապես` ֆիզիկայի և մաթեմատիկան ֆակուլտետների թե վճարովի, թե անվճար համակարգերում:
Նրա խոսքերով, հավելյալ տեղերի բաշխումով բավարարվել է դիմորդների ցանկությունը, ուստի ավելի շատ դիմորդներ կընդունվեն իրենց նախընտրած ֆակուլտետները:
«Շուրջ 80 հավելյալ տեղ ավելացրել ենք ՀՀ Տնտեսագիական համալսարանում, 20-ական տեղ հավելել ենք մեծ պահանջարկ ունեցող իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում»,- հավելեց նա:
Այսպիսով, ԵՊՀ-ում ավելացել է 11 անվճար տեղ, որից 10-ը ճշգրիտ մասնագիտություններում, 14 անվճար տեղ ավելացրել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, Գյումրիի մանկավարժական համալսարանում հավելել են 18 անվճար տեղ, իսկ ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղում` 11 տեղ և այլն:
Ա, Աշոտյանը վստահեցրեց, որ տեղերի վերաբաշխումների շնորհիվ կրթություն ստանալու հնարավորությունը մեծանում է, և ուսում կստանան դրականի միավորի շեմը հաղթահարած գրեթե բոլոր դիմորդները: Սակայն շուրջ 1500 -1800 դրական միավորներ հավաքած դիմորդներ չեն կարողանա ընդունվել բուհ:
«Մենք ուզում ենք ստանալ այն մեխանիզմը, որ բուհերում մաղվեն վատ ուսանողները, մրցութային տրամաբանությունը տեղափոխվի բուհեր, այլ ոչ թե դեպի ընդունելության քննություններ: Սա թույլ կտա նաև բուհերին նախապատրաստվել 2011 թվականի ճգնաժամին, քանի որ այդ տարի մենք շրջանավարտներ չենք ունենալու, և դիմորդներ շատ քիչ կլինեն»: