ՀԿԽԸ-Ն ԵՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԴԱՐԻ ՉԱՐԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է փոխգործակցություն հաստատել երկու կազմակերպությունների միջև` արձագանքելու և դիմակայելու պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերներին:
Մենք հոգում ենք: Այս գաղափարն է ընկած Հայաստանի խոշոր կազմակերպություններից երկուսի` ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀԿԽԸ-ի համագործակցության հիմքում: Երկու կազմակերպություններն էլ, որոնց գործունեությունն ուղղված է խոցելի խմբերին օգնելուն, միավորել են իրենց ջանքերը `հանուն հասարակության բարօրության:
«Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ընկերությունը հավաքվել են` համախմբելու իրենց ուժերը հասարակության ամենախոցելի խավերի կարիքներին արձագանքելու և նրանց առավել հասանելի և արդյունավետ աջակցություն ցույց տալու համար: Միացե’ք մեզ, անտարբեր մի’ եղեք ուրիշի ցավի նկատմամբ»,- ելույթում նշեց Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավարը:
Որպես երկարաժամկետ համագործակցության առաջին քայլ ՀԿԽԸ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռնարկում են կանխարգելմանն ուղղված համատեղ գործողություններ դարի չարիք հանդիսացող և գլոբալ ճգնաժամի վերաճած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի շուրջ:
Գիտակցելով տեղեկացվածության կարևորությունը վարակի կանխարգելման հարցում` երկու կազմակերպությունները համատեղում են ջանքերը` բնակչության իրազեկությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ բարձրացնելու նպատակով: Ակցիան բազմափուլ է լինելու և ներառելու է բազմաբնույթ միջոցառումներ` տեղեկատվական նյութերի տարածում, հանրային միջոցառումներ և այլն: Ակցիայի շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հակիրճ տեղեկություններ և ահազանգող կոչեր պարունակող տպագիր նյութեր հասանելի կլինեն հասարակության տարբեր խմբերի համար:
«Մենք մեր հասարակությանը առավել տեղեկացված լինելու հնարավորություն ենք ընձեռում: Գիտելիքն ու իրազեկության բարձր մակարդակը թույլ կտան ավելի արդյունավետ աշխատանքներ տանել հիվանդության կանխարգելման ուղղությամբ: Տեղեկացված լինելն ու կանխարգելումը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է: Մյուս կողմից` անհրաժեշտ է հանդուրժողականություն ՄԻԱՎ վարակակիրների հանդեպ: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, քանի որ հոգ ենք տանում, իսկ դու՞ք», - իր խոսքում նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան