ՄԻՆՉԵՎ 2011 Թ. ՇՈՒՐՋ ՀԻՍՈՒՆ ԴՊՐՈՑ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական բարեփոխումների գրասենյակի ղեկավար Սանգիտա Փաթելին: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ ամերիկյան կազմակերպությունները և Ամերիկայի դեսպանատունը մասնավորապես ակտիվ ներգրավվածություն ունեն կրթական բաղադրիչ պարունակող մի շարք ծրագրերում: Այս մասին հայտնեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Բարձրագույն կրթության ոլորտում նախարարը կարևորել է լիցենզավորման և հավատարմագրման գործընթացների շնորհիվ պետության կողմից կրթության որակի ապահովման խնդիրը: «Կրթության որակի նկատմամբ խիստ և պահանջատեր լինելը նախարարության գերակա ուղղություններից է: Այդ համատեքստում խիստ կարևորված է համապատասխան տեղեկատվական բազայի առկայությունը, որի ձևավորման գործում մենք ակնկալում ենք նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությունը»,-նշել է նախարարը: Նա նաև անդրադարձել է հանրակրթության ոլորտում շուրջ վաթսուն նորմատիվ ակտերի մշակման անհրաժեշտությանը, որոնք բխում են վերջերս ընդունված համապատասխան օրենքից: Նորմատիվ դաշտի լրամշակման գործում նախարարը կարևորել է հասարակական երկխոսության և քննարկման անհրաժեշտությունը` միջազգային կարող ուժերի և ռեսուսրների ներգրավմամբ:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական բարեփոխումների գրասենյակի ղեկավար Սանգիտա Փաթելին նշել է, որ գործակալությունը իրականացրել է ոլորտի կարիքների գնահատում` երկարաժամկետ և լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջող ծրագրեր իրականացնելու համար: 2004 թվականից գրասենյակը ներառական կրթության ծրագիր է իրականացնում ՀՀ տարբեր մարզերում և ակնկալվում է, որ մինչև 2011 թվականը շուրջ հիսուն դպրոց կներգրավվի այդ գործընթացում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հեռավար ուսուցման, հանրակրթական ուսումնական հաստատություններում բուժկետերի բարելավման խնդիրներ:
Անդրադառնալով ներառական կրթության խնդիրներին` նախարարը նշել է, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին և վերջին տարիներին ներդրումներ է կատարել: