ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպեlլ է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի տնօրեն Էլվիրա Դանայի հետ: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը Հայաստանում իրականացվող ծրագրերին աջակցելու համար` տնօրենը ներկայացրել է տեղեկատվություն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրթական և մշակութային գործերի բաժնից ստացած դրամաշնորհի շրջանակում` Հայաստանում և ԱՊՀ երկրներում «Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի» /FLEX/ իրականացման վերաբերյալ: Էլվիրա Դանան նշել է, որ նախորդ տարիներին ծրագրում ընդգրկվում էին ավարտական դասարանների աշակերտները, իսկ այս տարի ծրագրին կարող են մասնակցել 9-րդ կամ 10-րդ /ոչ ավարտական/ դասարաններում սովորող աշակերտները, որպեսզի ավարտական և միասնական քննությունները խոչընդոտ չհանդիսանան ծրագրի իրականացման համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունելով ծրագիրը, նշել է, որ այն մեծ նշանակություն ունի մասնակից երեխաների կյանքում: «Մեծ տարբերություն է նկատվում երեխաների մեջ գնալուց առաջ և վերադառնալուց հետո: Նրանց մոտ ավելի է մեծանում սովորելու, գիտելիք ձեռք բերելու ցանկությունը: Նրանք ավելի նպատակասլաց, նպատակաուղղված են դառնում»,- նշել է նախարարը:
Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռքբերվել պահպանել աշխատանքային բոլոր մեխանիզմները և շարունակել համագործակցությունը նաև այլ ծրագրերի շրջանակում: