Ադրբեջանը գրոհում է Եվրատեսիլի քվեարկողներին եվ թուրք երգչուհի Հադիսեին
Վերջին ամիսներին ադրբեջանական իշխանության վերաբերմունքը Եվրատեսիլին, քվեարկության կաննոներին և մրցույթի մասնակիցներին կարելի է բնորոշել միայն մեկ բառով` փոքրոգություն: Նախ Ադրբեջանում հարցաքննեցին բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել էին Եվրատեսիլ 2009-ի հայազգի մասնակիցների օգտին: Հիմա էլ, ադրբեջանական գրոհների թիրախն է դարձել թուրք երգչուհի Հադիսեն` հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ իր համարձակ դիրքորոշման համար:
Ադրբեջանական «ԱՊԱ» («APA») ինֆորմացիոն գործակալությունը հայտնել է, որ թուրք երգչուհու համերգներն Ադրբեջանում այլևս արգելված են, քանի որ վերջինս ցանկություն է հայտնել աջակցել հայ-թուրքական սահմանի բացմանը: Այնուամենայնիվ, մի փոքր հետադարձ հայացք նետենք:
Սկսած 2006թ-ից, երբ Հայասատանը դարձավ Եվրատեսիլի մասնակից երկիր, Ադրբեջանը պարբերաբար փորձում էր սկանդալ հրահրել` հայտարարելով, որ Հայաստանը գողանում է իր երաժշտությունն ու մշակույթը: Մնալով անպատիժ ու զգալով սեփական նավթային դոլարների ուժը` Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի հեռուն գնացին: Եվրատեսիլի քվեարկության ռադիոեթերի ժամանակ նրանք փոխեցին հայ մասնակիցների հավաքած միավորների քանակը էկրանին` թույլ տալով մրցույթի կանոնների կոպիտ խախտում:
Եվ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ եղավ հետո: Ոչինչ, Եվրատեսիլի կազմակերպիչներն ու պաշտոնական ներկայացուցիչները որևէ պատժամիջոց չկիրառեցին և որևէ կերպ չքննադատեցին Եվրոպայում այդքան հարգված երգի մրցույթի նկատմամբ անպատշաճ ու անհարգալից վերաբերմունքը: Եվրոտեսիլի գործադիր պրոդյուսեր Սվանտե Ստոկսելիուսը կասկածելի երկար էր լռում:
Ինչի՞ն հանգեցրեց նման անտարբերությունը: Ադրբեջանի իշխանությունները սկսեցին հետապնդել Հայաստանի օգտին քվեարկած իրենց քաղաքացիներին: Ըստ երևույթին, այս հարցը Ադրբեջանի հանրապետության Ազգային Անվտանգության նախարարության օրակարգում առաջնային խնդիր էր դարձել: Երևի անտանելի է ապրել մի երկրում, ուր քեզ կարող են հետապնդել միայն այն բանի համար, որ հավանություն ես տվել այս կամ այն երգին: Բայց շատ ավելի ահավոր է գիտակցելը, որ, այսպես կոչված, ազատ և դեմոկրատական աշխարհում ոչ ոքի այդ փաստը չի հուզում:
Բայց, ինչպես երևում է, Ադրբեջանի 43 քաղաքացիների հարցաքննությունը բավական չէր. ադրբեջանական քարոզչության կործանիչ մեքենան ուղղվեց դեպի իրենց եղբայրական երկրի երգչուհին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ինֆորմացիոն գործակալությունները, թուրք երգչուհի Հադիսե Աչիքգյոզի վերջերս տրված հարցազրույցը ցնցել է ադրբեջանցիներին: Show TV net-ին տրված իր հարցազրույցում երգչուհին ողջունել է հայ-թուրքական սահմանի բացման գաղափարը և իր աջակցությունն է առաջարկել` ցանկանալով երկու երկրների միջև հանդես գալ որպես «խաղաղության աղավնի»:
«Հայաստանը և Թուրքիան եղբայրական ժողովրդներ են, և սահմանն այս երկու երկրների միջև պետք է բաց լինի: Ես պատրաստ եմ դրա համար «խաղաղության աղավնի» դառնալ: Ես խոսել եմ Ինգայի և Անուշի հետ, նրանք նույնպես ցանկություն են հայտնել համերգով հանդես գալ Թուրքիայում: Նրանց ցանկությունը պետք է իրականություն դառնա, թող հաշտության նախաձեռնողը լինի երաժշտությունը: Եթե Ինգան և Անուշը համաձայնեն, մենք միասին ելույթ կունենանք Թուրքիայում հոկտեմբերի 14-ին»,-հայտարարել է երգչուհին:
Հադիսեն պատմել է, որ Եվրատեսիլ 2009-ին շատ է հավանել Անուշին ու Ինգային և լրագրողներին նրանց ներկայացրել է որպես մրցույթի ամենագեղեցիկ աղջիկների:
Ադրբեջանում Հադիսեի համերգների կազմակերպիչ Նահիդ Էմիլօղլուն տեղեկացրել է «APA» գործակալությանը, որ Հադիսեն Բաքվում այլևս համերգներ չի ունենալու: «Հադիսեն խոստացել էր համերգ տալ, սակայն մենք հրաժարվել ենք այն կազմակերպել»,- ասել է նա:
«Եվրատեսիլ» մրցույթի կանոնների խախտման և ազատ քվեարկելու իրավունքը ոտնահարելու համար մենք կոչ ենք անում Եվրատեսիլի կազմակերպիչներին մեկ տարի ժամկետով զրկել Ադրբեջանին մասնակցության իրավունքից:
Արմեն Հարեյան (huliq.com)