ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՊՔԵՐԻ ԱՃ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ
Հանրապետությունում սեզոնային գրիպի դեպքերի աճ չի նկատվում. անհանգստանալու կարիք չկա: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Մասնագետի խոսքերով, նախարարության համապատասխան տեսչությունը սեզոնային գրիպի հետ կապված ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում: Այս տարի այն իրականացվել է նաև ամռան ամիսներին: Ինչպես Ա. Վանյանը նշեց, դա պայմանավորված էր աշխարհում Ա գրիպի տարածման հետ:
Սեզոնային գրիպի բարձրացման` հիվանդության դեպքերի աճի դեպքում, պետական հիգիենիկ համաճարակային տեսչությունը պատրաստ է «անմիջապես» կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Բայց մասնագետը նշում է, որ քաղաքացին ինքն էլ պետք է հատուկ միջոցներ ձեռնարկի գրիպից խուսափելու համար:
«Բազմիցս ասվել է, թե սեզոնային գրիպի բարձրացման դեպքում քաղաքացին ինչ պետք է անի դրանից խուսափելու, կանխարգելման համար: Ներկայում մենք չունենք դեպքերի աճ կամ բարձրացում: Բայց այդ դեպքում, առաջին հերթին պետք է արգելվեն մի շարք միջոցառումներ, որտեղ մարդկանց կուտակումներ են լինում, քանի որ գրիպն արագ տարածվում է օդակաթիլային ճանապարհով»,-ասաց Ա. Վանյանը:
Բացի այդ, մասնագետը խորհուրդ տվեց, պարզապես ուշադիր լինել ու պահպանել հիգիենայի կանոնները: Առաջին հերթին, Ա. Վանյանի խոսքերով, հարկավոր է ձեռքերը մաքուր պահել, դիմակ կրել:
Այն դեպքերում, որտեղ տան անդամներից մեկն է հիվանդ գրիպով, մասնագետը խորհուրդ է տալիս նշված միջոցներից բացի սենյակում հաճախ օդափոխություն կատարել ու, անպայման, դիմել բժշկին, քանի որ հիգիենայի կանոններն իրականացնելուն զուգընթաց պետք է բուժում իրականացվի:
Վերջում, մասնագետն ավելացրեց, որ հնարավորինս հարկավոր է ձերծ մնալ այն կոնտակտից, որն արդեն հիվանդության կրողն է:
Իսկ ինչ վերաբերում է սեզոնային գրիպի ժամանակ հազի առկայությանը, ապա մասնագետները դա բնական են համարում, նշելով, որ այն գրիպի նախանշաններից մեկն է: Տեսչության աշխատակից Մարիամ Մովսիսյանը Panorama.am-ին տեղեկացրեց.
«Դրանից անհանգստանալ հարկավոր չէ, գրիպը հաճախ ուղեկցվում է հազով, բայց դա բարդություն չի կարելի համարել: Պարզապես պետք է դիմել բժշկի, որ այն երկար չտևի ու այլ բարդությունների պատճատ չդառնա: Քանի որ գրիպից լուրջ բարդություններ են հնարավոր, եթե ժամանակին չպայքարենք հիվանդության դեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում