Աղայար Ախունդզադա. «Հայկական ձյուդոն զարգանում է»
Երևանում տեղի ունեցած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունից հետո Ադրբեջանի հավաքականի ավագ մարզիչ Աղայար Ախունդզադան համաձայնել է պատասխանել ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայության աշխատակցի հարցերին:
- Առաջնության նախօրեին ի՞նչ ակնկալիքներ ունեիք:
- Մենք գիտեինք, որ ուժեղ թիմ ունենք: Տարբեր մրցաշարերի էինք մասնակցել, այս անգամ որոշեցինք հանդես գալ նաև Եվրոպայի առաջնությունում: Դիմեցինք Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ պարոն Սոլովեյչիկիկին: Նա աջակցեց մեզ, ինչի համար, իհարկե, շնորհակալ ենք: Այնուհետև սկսեցինք նախապատրաստվել: Այստեղ անցկացրած օրերի ընթացքում ոչ մի խնդիր չի առաջացել: Տղաները հանգիստ մարզվում էին, իրենց ազատ էին զգում: Նույնիսկ առաջնությունից երկու օր առաջ ենք եկել, որպեսզի ավելի ավելի կենտրոնացած մարզվենք, ու էլի ոչ մի խնդիր չենք ունեցել:
- Ձեր տղաները երևանյան առաջնությունում շատ լավ հանդես եկան:
- Շնորհակալություն: Պետք է շեշտեմ, որ հայ մարզիկներն էլ հիանալի ելույթներ ունեցան: Հատկապես նա, ով ներկայացնում էր Հայաստանը մինչև 73 կգ քաշային կարգում և չեմպիոն կռչակվեց: Հրաշալի էր գոտեմարտում, և ես պարզապես հիացած եմ (խոսքն Արտյոմ Բաղդասարյանի մասին է-խմբ.):
- Ի՞նչ ենք կարծում, ձյուդոն կարո՞ղ է օգնել` կամուրջ կառուցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև:
- Իհարկե, կարող է: Ինչպե±ս է սովորաբար լինում: Առաջինը մեկնում են մարզիկները, իսկ հետո` քաղաքական գործիչները: Այսպիսի պատվիրակություն Ադրբեջանից վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ է ժամանում Հայաստան: Մի քանի այլ մարզաձևերի մրցաշարեր, առաջնություններ էլ են անցկացվել Հայաստանում, բայց մենք դուրս էինք մնում այդ իրադարձություններից: Այնպես որ, այսօր դուք ճանապարհը բացեցիք: Հետագայում մենք էլ տարբեր մարզական միջոցառումներ կանցկացնենք, դուք էլ, և ես համոզված եմ, որ մարզական պատվիրակությունների փոխադարձ այցելությունները կշարունակվեն:
Ինչպե±ս էր նախկինում: Խորհրդային միությունը մրցաշարեր էր կազմակերպում, ամերիկացիները չէին ժամանում, նրանք էին կազմակերպում, մենք չէինք գնում: Իսկ ովքե՞ր էին արդյունքում տուժում: Իհարկե, մարզիկները, ընդհանրապես` սպորտը: Իսկ պրոֆեսիոնալ մարզիկը մասնագիտական երկար կյանք չունի, բայց այդ ժամանակահատվածում պետք է հասցնի հնարավորինս շատ մեդալներ ու կոչումներ նվաճել: Այնպես որ, կարծում եմ` մենք ճիշտ վարվեցինք` ժամանելով Երևան: Եվ Հայաստանի իշխանություններին նույնպես պետք է շնորհակալություն հայտնեմ, որ ամեն ինչ նման բարձր մակարդակով էին կազմակերպել և ապահովել էին մեր անվտանգությունը: Մենք դուրս ենք եկել, զբոսնել քաղաքում և ոչ մի խնդիր չենք ունեցել: Սպորտը խաղաղության դեսպան է: Մենք էլ ենք մտածում առաջնություն անցկացնելու մասին: Եվ, իհարկե, Հայաստանին անպայման կհրավիրենք: Ի դեպ, սա մեր երիտասարդ ձյուդոյիստների վերջին հնարավորությունն էր` հանդես գալու երիտասարդական առաջնությունում: Մյուս տարվանից նրանք կտեղափոխվեն ավելի բարձր տարիքային խումբ: Այնպես որ, նրանց համար մասնակցությունն այս առաջնությանը խթան էր: Եթե չգայինք, բնականաբար, որևէ մեդալ չէինք կարողանա վաստակել:
- Ի՞նչն էր Հայաստանում Ձեզ համար կարևոր անակնկալը:
- Անկեղծ ասած` շատ ուրախ եմ, որ Հայաստանում ձյուդոն աստիճանաբար զարգանում է: Դե, նախկինում էլ հայաստանյան գործընկերների հետ հանդիպում էինք մարզումների ժամանակ, իմ նախկին աշակերտներն են այստեղ աշխատում… Մի որոշ ժամանակ, իհարկե, հայկական ձյուդոյում անկում նկատվեց, բայց հիմա ուրախալի է, որ հաջողություններ կան: Դուք աճող երիտասարդություն ունեք, ինչը նշանակում է, որ նրանք կբարձրանան ու իրենց հետևից կտանեն մնացածներին: Միշտ պետք է պահեստայինների մասին մտածել: Իսկ դուք հաստատ ռեզերվային մարզիկներ ունեք:
- Ի՞նչ եք ակնկալում Ձեր սաներից այս առաջնությունից հետո:
- Շուտով աշխարհի երիտասարդների առաջնությունն է լինելու: Այս մրցաշարից հետո արդեն կարող եմ ընդգծել, որ մեդալներ կունենանք: Հաջորդ տարին օլիմպիական է, և այդ ուղղությամբ մենք կաշխատենք: Սպորտում գագաթը Օլիմպիադան է, այնպես որ, փորձելու ենք Օլիմպիական խաղերում նույնպես հաջողություն ունենալ: Ես ոչ միայն մեր, այլ նաև մյուս երիտասարդներին եմ հաջողություն մաղթում, որովհետև բոլորն էլ աշխատում են, տանջվում:
- Ի՞նչ կցանկանայիք մաղթել հայերին:
- Խաղաղություն, ուրիշ ի՞նչ կարող եմ մաղթել: Կարևորը, որ խաղաղություն լինի, և բոլորը լավ ապրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին