ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍ. «Ադրբեջանն իր քաղաքացիներին Խոջալու քաղաքում օգտագործեց որպես վահան»
Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը պատասխանել է Aysor.am տեղեկատվական վեբ կայքի ուղղած հարցերին: Ներկայացնենք մեկ ուշագրավ հարց ու պատասխան:
Հարց. Արդյո՞ք միջազգային հանրությունն այսօր բավականին տեղեկացված է Արցախյան հակամարտության վերաբերյալ, որպեսզի կարողանա դիմակայել ադրբեջանական քարոզչության կողմից տարածվող ապատեղեկատվությանը, տիկին Քոքսը պատասխանեց. «Կարծում եմ` ներկայումս Ադրբեջանն ահռելի գումարներ է ծախսում «Խոջալուի դեպքերը» հասկացությունը շրջանառության մեջ դնելու համար: Սակայն ես գիտեմ, որ հայկական կողմը տեղեկացրել էր Ադրբեջանին հարձակման մասին, և ադրբեջանի քաղաքացիներին էլ հեռանալու հնարավորություն էր տրվել: Նույնիսկ հենց իրենք` ադրբեջանցիները, նշում են, որ տեղեկացվել են հարձակման մասին: Ես կարող եմ ասել, որ հայերն ամեն ինչ արեցին անմեղ զոհերից խուսափելու համար: Իհարկե անմեղ զոհերի առկայությունը միշտ էլ ողբերգություն է, այս փաստի հետ ոչ ոք չի վիճում: Սակայն Ադրբեջանը նախընտրեց իր քաղաքացիներին օգտագործել որպես կենդանի վահան, իսկ հետո էլ ադրբեջանական քարոզչությունն իր քաղաքացիների դիակներն օգտագործեց քարոզչական շոու սկսելու համար: Խոջալուն այն չէ, ինչ ադրբեջանցիներն են ներկայացնում, նրանք հնարավորություն ունեին խուսափել պատահածից: Հայերը քարոզչության կարիք չունեն, քանի որ ճշմարտությունը նրանց կողմն է: Հայաստանի դեսպանատներին և տարբեր երկրներում ներկայացչություններին մնում է միայն բարձրաձայնել ճշմարտությունը: Կարծում եմ Ադրբեջանը չի կարող հաղթել տեղեկատվական այս պատերազմում»:
«Միջազգային հանրությունը պետք է հասկանա և իմանա, որ հայերը ագրեսոր չեն, հայերը զոհեր են»,- շեշտել է բարոնուհին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան