Քաղաքային տրանսպորտի և քաղաքային երթեվեկության աշխատանքը ճի՞շտ չի կազմակերպված
Այսօր «Տեսակետ» մամլո ակումբում հյուրընկալված Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյան հայտարարեց, որ միկրոավտոբուսները նախատեսված չեն քաղաքային ռեժիմով աշխատելու համար:
Նրան լրագրողների հետ հանդիպման էր դրդել քաղաքային տրանսպորտի ոլորտում իրականցրած մոնիտորինգը: Ըստ այդմ Ա. Պողոսյանն առանձնացրել է մի հիմնահարց` սպառողների պաշտպանվածությունը քաղաքային տրանսպորտում:
Բանախոսը, հիմնվելով վերոնշյալ մոնիտորինգի արդյունքների վրա, նշեց, որ մեր երկիրը բացառիկ երկրներից է, որտեղ առկա է էլեկտրաէներգիայի չծանրաբեռնված հզորություն, կամ, ավելի պարզ էլեկտրաէներգիայի ավելցուկ:
Սակայն, ըստ նրա, մեր քաղաքային տրանսպորտի և քաղաքային երթևեկության աշխատանքը ճիշտ չի կազմակերպված:
«Երիտասարդները երևի չեն էլ հիշում, որ մեր քաղաքում կար տրամվայ: Կա տրոլեյբուս, որը հոգեվարքի մեջ է: Գոյություն ունի մետրո, որը համարյա չի գործում»,-նշում է Ա. Պողոսյանը:
Երևան քաղաքի հատակագծում սահմանաված է, որ քաղաքային տրանսպորտի մեջ միկրոավտոբուսների տեսակարար կշիռը պետք է կազմի 19,2%:
«Հայաստանի Սպառողների ասոցիացիան մշտապես անցկացնում է մոնիտորինգ Երևան քաղաքի տրանսպորտային փոխադրամիջոցների հարաբերակցության իմաստով: Սա մշտական աշխատանք է: Միկրոավտոբուսների քանակն ու տեսակարար կշիռը կազմում է 90% և պակասելու միտում կարծես, թե չկա»,-ասաց Ա. Պողոսյանը:
«Տրոլեյբուսի տեսակարար կշիռն այստեղ կազմում է 0,1-0,2 %: Որպես միավոր տրոլեյբուսների տեսակարար տոկոսը կազմում է 0,3-0,4%, ընդ որում ուղևոր տեղափոխելիս վերջիններս բացարձակ դատարկ են տեղաշարժվում: Մոնիտորինգի ընթացքում ուսումնասիրել ենք, որ անցնում էին ծանրաբեռնված մի քանի միկրոավտոբուսներ, երբ 3 տրոլեյբուսներ ընդամենը 1 ուղևոր էին տեղափոխում»,-ասաց բանախոսը:
«Մեր քաղաքում տարիներ շարունակ քաղաքապետերը փոխվում են, բոլորն էլ զեկուցում են, որ ևս ավտոբուսների ինչ որ խմբաքանակ ներկրվեցին, դրանց մեկնարկը նշվում է փողային նվագախմբով և տոնական տրամադրությամբ, բայց ուղևորափոխադրման մեջ մենք ունենք ներկայացված պատկերը»,-ասաց Ա. Պողոսյանը: