ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՈՐԻՑ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այս պահի դրությամբ թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երկու թեկնածու` ԱԺ նախկին պատգամավոր, այժմ անկուսակցական Հակոբ Հակոբյանը և նույնպես անկուսակցական Կորյուն Նահապետյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը 2008-ի մարտյան իրադարձություններից հետո շուրջ մեկ և կես տարի ազատազրկվեց, հետո դատապարտվեց և այնուհետև համաներմամբ ազատ արձակվեց: Օրերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գրության հիման վրա Հակոբ Հակոբյանը զրկվել էր պատգամավորական մանդատից:
Ինչ վերաբերում է մյուս` թիվ 25 ընտրատարածքին, ապա ԸԸՀ նախագահ Անդրանիկ Ապոյանը Panorama.am-ին ասաց, որ այստեղ դեռևս մեկ թեկնածու է առաջադրվել` «Բարգավաճ Կուսակցության» անդամ Մխիթար Հարությունյանը: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ընտրված պատգամավորը Սասուն Միքայելյանն էր, ով այժմ ազատազրկման մեջ է գտնվում:
Այս երկու ընտրատարածքներում առաջադրումների ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 27-ին: Իսկ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 6-ին:
Նախորդող նորություններ` ԵՐԵՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԶՐԿՎԵՑԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՎԱՅՐ ՉԻ ԴՆԵԼՈՒ ՄԱՆԴԱՏԸ: ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՆԱ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵԿԵԼ ԷՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ