«ԵՍ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻԱՆ ԱՌԱՆՑ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ»
Հայկական մուլտիպլիկացիայի հիմնադրի մահը մեծ ցավ է առաջացրել գործընկերների, ու Սահակյանց արվեստագետի երկրպագուների շրջանում: Խորհրդային միության տարիներին Ռոբերտ Սահակյանցը հայտնի է եղել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Խորհրդային Միության երկրներում, և այդ տարիներին Խորհրդային միությունն էլ ճանաչվել է Ռոբերտ Սահակյանց անձով:
ԽՄ-ից հետո երկար տարիներ Ռոբերտ Սահակյանցը միանձնյա ղեկավարել է մեր հայկական մուլտիպլիկացիան և համարվում է նրա լիդերը:
«Այն տարիներին, երբ ԱՊՀ շատ երկրներում մուլտիպլիկացիան ձախողվեց, մեզանում ոչ մի վայրկյան մուլտիպլիկացիան չի ձախողվել և բոլոր տարիներին մենք նկարահանել ենք մուլտիպլիկացիա: Ավելին, Խորհրդային Միության փլուզումից հետո Ռոբերտ Սահակյանցը հրավիրվեց շատ երկրների, այդ թվում` Ռուսաստանի կողմից այնտեղ աշխատելու և իրեն լավ առաջարկ եղավ: Բայց այդ տարիներին ես դարձա «Հայֆիլմ»-ի տնօրեն ու Ռոբերտին ասեցի` ես չեմ պատկերացնում հայկական մուլտիպլիկացիան առանց Ռոբերտ Սահակյանցի և չեմ կարծում, որ նա կթողնի Հայաստանը ու կգնա», -հիշում է Գևորգ Գևորգյանը:
Բայց նա մերժել է այդ ժամանակ արված գայթակղիչ բոլոր առաջարկները ու մնացել արարելու Հայաստանում: «Այնինչ այդ ժամանակ նա կարող էր գնալ և առավել բարեկեցիկ կյանքով ապրել, շատ ավելի մեծ գումարներ վաստակել, բայց ինքը մնաց այստեղ և կիսատ-պռատ կամ չֆինանսավորման պայմաններում, մութ ու ցուրտ տարիներին գլխավորեց հայկական մուլտըիպլիկացիան», -նշում է մուլտիպլիկատորի գործընկերը:
Սահակյանցի մահվանից հետո, Գևորգյանի կարծիքով, հայկական մուլտիպլիկացիան կշարունակի ապրել, նոր գործեր մատուցել հանրությանը, բայց Սահակյանցի ձեռագիրը դրանցում չի երևա:
«Ինքն ամբողջ հոգով, ամբողջ սրտով հայկական մուլտիպլիկացիա էր անում, ինքը Թումանյան էր անում, ինքն այսօր սերիալ էր անում «Ճանապարհ դեպի տուն», այն մասին, որ մենք վերադառնում ենք մեր ակունքները` մեր Ղարսը, մեր վանը, մեր տունը: Հիմա վերադարձել էր դեպի երկիր, դեպի մեր ակունքները, այդ ամենը մենք նրա մահվանից հետո չենք ունենա», -ցավում է Գևորգյանը:
Հեռուստադիտողին հայտնի և սիրելի են Սահակյանցի այնպիսի մուլտֆիլմերը, ինչպիսին են` «Լիլիթ», «Աղվեսագիրք», «Որսորդները», «Անբան աղվեսը», «Կիկոսը», «Ձախորդ Փանոսը», «Քաջ Նազար», «Մորու գույնի երեք կապույտ, կապույտ լճակ», «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ», «Խոսող ձուկը», «Բարեկենդանը», «Դաս», «Սեղմակոճակ», «Քեզ, Հայաստան», «Ամեն ինչ լավ է», «Կացինը», «Բանական կյանքի նշաններ» և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան