ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՓԱՌԱՏՈՆԸ
Երևանում և Ծաղկաձորում անցկացվելու է Ռուսալեզու ռադիոհեռարձակողների 2-րդ միջազգային հումանիտար փառատոնը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 4-ը: Այն կազմակերպվել է «ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի» և հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի նպատակը ԱՊՀ երկրների միջմշակութային երկխոսության զարգացումն ու հումանիտար արժեքների քարոզչությունն է: 2-րդ փառատոնին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի և Մոլդովայի ռադիոկայանների ներկայացուցիչներ: Ասուլիսին ներկա Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Կրիվարոգը նշեց, որ այս փառատոնը հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբեր երկրների ռադիոկայանների աշխատանքներին:
Փառատոնի շրջանակներում նախատեսված է տեղեկատվական և մեդիա տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի մշակում և իրականացում, միջտարածաշրջանային նշանակության համատեղ հումանիտար ռադիոնախագծերի ստեղծում: Նշենք, որ փառատոնի կարևորագույն իրադարձություններից է նաև Ռադիոհեռարձակողների մրցույթի 6 անվանակարգերով մրցանակների շնորհումը: Բացի այդ, փառատոնի հյուրորը վարպետության դասընթացներ կանցկացնեն ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար: