ԲՈՒՔԻՔԻՈՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑ ԼԻՆԵԼ ՈՉ ԹԵ ԴԵՍՏՐՈՒԿՏԻՎ, ԱՅԼ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ
Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոյի պաշտոնավարման ժամկետը կավարտվի երկու ամսից, իսկ մինչ այդ նա ժամանել է Հայաստան, հանրապետության նախագահի հրամանգրով ԱԺ նախագահի ձեռքից նախօրեին ստացել շքանշան: Նա այսօր հանդիպեց լրագրողներին:
Այն կարծիքին, թե շքանշանը հայաստանյան իշխանությունների կողմից «կաշառք» է, Վենիտիկի հանձնաժողովի նախագահը հակադարձեց, թե 15 տարվա ընթացքում միշտ ասել է և շարունակելու է ասել այն, ինչ մտածում է: «Մոտակա երկու ամիսներն էլ ասելու եմ այն, ինչ մտածելու եմ»,-խոստացավ հանձնաժողովի գլխավոր քարտուղարը:
Բուքիքիոն փաստեց, որ 1995-ից ի վեր, երբ ինքն առաջին անգամ Հայաստան եկավ, շատ բան է փոխվել, ժողովրդավարական առաջընթացը մեծ է: «Իրականում 1995 թվականի համեմատ իրավիճակն շատ ավելի ազատ է ու զարգացած: Բայց պետք է իրավիճակը կատարելագործել, և այս երկիրը պետք է դառնա շատ ավելի ժողովրդավարական»,-ասաց նա, ընդգծելով, որ երկար ճանապարհ Հայաստանը պետք է անցնի այդ իրավիճակը կայուն դարձնելու համար, իսկ դրա համար իշխանություններն ու նախագահը նախ և առաջ պետք է որ կամք ունենան:
Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը պարզաբանեց, որ հայաստանյան օրենսդրությունը տեքստային առումով վատը չէ, բայց պրակտիկայում դրա կիրառման մեխանիզմները բարելավված չեն: Մասնագետը նաև ասաց, որ հայաստանյան կազմակերպությունները չեն դիմում դատարան, «որովհետև նախապես գիտեն դատարանի պատասխանը»: «Եթե նրանք դիմեին դատարան, և դատարանն ասեր, ես չեմ կարող որևէ որոշում ընդունել, այդ դեպքում մենք կարող էինք միջամտել, քննադատել ու բարելավվել իրավիճակը»,-ասաց Բուքիքիոն, հիշեցնելով, որ Եվրոպական դատարան հասնելու համար պետք է անցնել դատական բոլոր ատյաններով:
Համեմատություն անցկացնելով հարավկովկասյան երեք հանրապետությունների միջև, բանախոսն ասաց, որ խնդիրներ կան բոլոր երեք երկրներում էլ: «Նոր միայն Վրաստանում հասկացել են, որ իրենց Սահմանդրությունը պետք է փոխվի, բայց դա պետք է արվեր 5 տարի առաջ: Ադրբեջանում ընդունեցին սահմանդրական փոփոխություններ, բայց դրանց մի մասը քննադատվեց Վենետիկի հանձնաժողովի կողմից: Գործը հասավ նրան, որ նախագահ Ալիևը խոստացավ և ներկայացրեցին մեզ այն բոլոր օրենսդրական ակտերը, որոնցով այդ փոփոխությունները պետք է կիրառվեն»,-նշեց հանձնաժողովի գլխավոր քարտուղարը, ասելով, որ ժողովրադավարության կայացման գործում հատկապես մեծ դեր են խաղում լրատվամիջոցները, քաղաքական գործիչները: Նա ընդդիմությանը խորհուրդ տվեց լինել ոչ թե դեստրուկտիվ, այլ կոնստրուկտիվ: