«Վավերագրական ֆիլմերի նկարահանումը երբեք կոմերցիոն բնույթ չի կրում»
Այսօր Երևան են ժամանել ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Հոֆմանը և վավերագրական կինոյի մասնագետ Սանդրա Ռուչը: Նշենք, որ նրանք Երևան են ժամանել Հայաստանում անցկացվելիք ամերիկյան վավերագրական ֆիլմաշարի ցուցադրության շրջանակներում: Սանդրա Ռուչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ֆիլմաշարի ընթացքում ներկայացվելու են շուրջ 29 վավերագրական ֆիլմեր, որոնք արտացոլում են ամերիկյան կյանքը, մշակույթը, պատմությունը, միջավայրը, ժողովրդավարացման գործընթացը:
Նրա խոսքով, այս 29 ֆիլմը ցուցադրելու համար դիտել են շուրջ 200-300 վավերագրական ֆիլմեր:
«Ֆիլմերի ընտրության հարցում հաշվի են առնվել հետևյալ սկզբունքները. նախևառաջ ֆիլմի հեղինակը պետք է ամերիկացի լիներ, բացի այդ ֆիլմերը պետք է նկարահանված լինեին 2004-2008 թվականների ընթացքում»,- հավելեց նա:
Ս. Ռուչը նշեց, որ վավերագրական ֆիլմերի նկարահանումը երբեք կոմերցիոն բնույթ չի կրում և այն մեծ գումարներ չի կարող բերել, վավերագրական ֆիլմերը հիմնականում նկարահանվում են ֆիլմի հեղինակի անձնական միջոցներով:
Իսկ ռեժիսոր Դեյվիդ Հոֆմանը, ում «Սպուտնիկոմանիա» ֆիլմով հոկտեմբերի 16-ին բացվելու է ֆիլմաշարը, նշեց, որ շատ ուրախ է, որ այս ֆիլմը կներկայացվի հայ հանդիաստեսին:
«Այս ֆիլմում ես ներկայացրել եմ մի ամբողջ պատմություն սպուտնիկի մասին»,- հավելեց նա: Սույն Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես 50 տարի առաջ Սառը պատերազմի ամենալարված շրջանում Խորհրդային Միությունն արձակում է «Սպուտնիկ» առաջին արբանյակը`ծնկի բերելով երկյուղած, իսկ հետո սարսափած Ամերիկային: Նա նշեց, որ «Սպուտնիկոմանիա» ֆիլմը հետադարձ հայացքով է նայում անցյալի իրադարձություններին և վերհանում այսօրվա խնդիրների կապը անցյալի պատմության հետ:
Հոֆմանը և Ռուչը Երևանում մնալու են մինչև հոկտեմբերի 20-ը, այդ օրերի ընթացքում նրանք կհանդիպեն ռեժիսորների հետ, կվարեն սեմինարներ և վարպետության դասեր ուսանողների համար:
Նշենք, որ ամերիկյան վավերագրական ֆիլմաշար Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կանցկացնի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում:
Մուտքն ազատ է բոլոր ցուցադրությունների համար: Ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» կինոթատրոնում և Հայաստանի ազգային պատկերասրահում: ֆիլմաշարի ցուցադրությանն աջակցում են ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական և մշակութային գործակալությունը, Արթֆիլմ Գալերին և Հայաստանի ազգային պատկերասրահը: