Լեվոն Արոնյանը հաստատ չի մեկնի Բաքու
ՖԻԴԵ-ի համաժողովում հաստատվել է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը պետք է կայանա Բաքվում: Ադրբեջանի մայրաքաղաքի թեկնածության մասին խոսակցություններ վաղուց կային, բայց դեռ հայտնի չէր, թե շախմատի համաշխարհային կազմակերպությունն ինչպիսի դիրքորոշում կորդեգրի, առավել ևս, որ «Գրան Պրի» շարքում փայլուն մրցելույթների արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը հաղթել է ժամկետից շուտ ու իրավունք նվաճել` հանդես գալու հավակնորդների մրցաշարում: Բայց ՖԻԴԵ-ն, այնուամենայնիվ, որոշեց հաստատել Բաքվի թեկնածությունը…
Ինչպես նշել են ադրբեջանական աղբյուրները, Լևոն Արոնյանը հրաժարվել է մեկնել Բաքու: Որոշման կայացումից մի քանի օր առաջ ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, ըստ նույն լրատվամիջոցների, ժամանել էր Բաքու և հանդիպել այդ երկրի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովի, ինչպես նաև շախմատի ֆեդերացիայի նախագահ Էլման Ռուստամովի հետ: Հանդիպման ընթացքում Լևոն Արոնյանի համար անվտանգության երաշխիքներ են տրվել, և Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն, որ մրցաշարի բոլոր պահանջները կկատարվեն ամենաբարձր մակարդակով:
Սակայն Հայաստանի շախմատի ֆեդերացիայից մեր թղթակցին հայտնեցին, որ ՖԻԴԵ-ն, հաշվի առնելով առկա խնդիրները Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինքնուրույն է նման որոշման հանգել և բաժանել մրցաշարը երկու մասի: Ոչ ոք Լևոն Արոնյանին չի դիմել: ՖԻԴԵ-ում քաջածանոթ են իրավիճակին և այնպես են արել, որ խնդիրներ չառաջանան:
Այսպիսով` չորս շախմատիստներ հանդես կգան Բաքվում, իսկ մյուս քառյակը` մեկ այլ երկրում:
Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան երկրորդ քառյակի մրցումներն առաջարկել է կազմակերպել Երևանում, և որ այս անգամ դեմ է արտահայտվել Ադրբեջանի ներկայացուցիչը: Բայց դա իրականությանը չի համապատասխանում: Ընդհակառակը, ՖԻԴԵ-ն է առաջարկել երկրորդ քառյակի մրցաշարը կազմակերպել Երևանում: Հայկական կողմը դեռ մտածում է այդ առաջարկի մասին և հնարավոր է, որ համաձայնություն տա: Այս պահի դրությամբ կոնկրետ հայտնի չէ, թե այն որտեղ կկայանա:
Ավելացնենք, որ հավակնորդների մրցաշարը տեղի է ունենալու 2010 թ. վերջին: