ՄԱԿ-ում խոչընդոտեցին Ադրբեջանի հակահայկական սադրանքի փորձը
Օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեում շարունակվում էին քննարկումներն օրակարգի «Երեխաների իրավունքները» կետի շուրջ: Հոկտեմբերի 16-ին կոմիտեում ելույթներ են փոխանակել Հայաստանն ու Ադրբեջանը:
Վերջինիս ներկայացուցիչը, շեղվելով բուն նյութից, որոշել էր իր ելույթի մի մասը նվիրել «Հայաստանի կողմից գրաված տարածքների», «փախստականների, անօթևան բնակչության, երեխա զինվորների, Խոջալուի վայրագությունների» նկարագրությանը` օգտագործելով ադրբեջանական կողմի հայտնի զրպարտանքների հայտնի համալիրը:
Ադրբեջանի ներկայացուցչի երկարաշունչ և անառարկայական ելույթն ընդհատվել է նիստը վարող նախագահողի կողմից. վերջինս մատնանշել է, որ ադրբեջանական կողմը չարաշահում է իրեն հատկացված ժամանակը և խնդրել ավարտել ելույթը: Հանկարծակիի գալով` Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է շարունակել խոսքը, սակայն սրան հետևել է բարձրախոսն անջատելու նախագահողի կտրուկ կարգադրությունը:
Օգտագործելով պատասխանի իր իրավունքը` նիստին ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը, ով նշել է, որ ևս մեկ անգամ հանրությունը ականատես դարձավ, թե ինչպես է Ադրբեջանը` անկախ օրակարգի թեմայից և պատեհությունից, փորձում հակահայկական քարոզչություն ծավալել:
Հայաստանի ներկայացուցիչն անդրադարձել է հայազգի բնակչության դեմ Ադրբեջանի պետության կողմից իրականացված պետական ահաբեկչությանն ու վայրագություններին, ինչի արդյունքում տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ դարձել են փախստականներ, հազարավոր երեխաներ` որբ և հաշմանդամ:
Հիշեցնենք , որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի իրավասության տակ են հումանիտար խնդիրները, այդ թվում` մարդու իրավունքներ, ինքնորոշման իրավունք, սոցիալ-տնտեսական հիմնահարցեր, ռասիզմի, խտրականության, թմրանյութերի և մարդկանց ապօրինի տեղափոխման դեմ պայքարին առնչվող քննարկումները: