Նոյեմբերից աշխարհի շատ երկրներում Ա գրիպի դեմ պատվաստումներ կիրականացվեն
Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, ասուլիսում խոսելով Ա գրիպի` H1N1-ի մասին, պաշտոնապես հայտարարեց, որ առ այսօր հանրապետությունում Ա գրիպով վարակման դեպք չի հայտնաբերվել:
«Ամբողջ աշխարհում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով գրանցված է մոտ 416 հազար դեպ, մահացել է 4 500 մարդ»,-ասաց Ա. Ասոյանը:
Գլխավոր վարակաբանը նշեց, որ նոյեմբերից աշխարհի շատ երկրներում կսկսեն հիվանդության դեմ պատվաստումներ իրականացվել: Նա հույս հայտնեց, որ Հայաստանում պատվաստումները կիրականացվեն նոյեմբերի վերջից: Հիշեցնենք, որ օրերս առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Panorama.am-ին ասել էր, որ ԱՀԿ-ն շուրջ հարյուր զարգացող երկրների, այդ թվում և Հայաստանին, Ա գրիպի դեմ պատվաստանյութն անվճար կտրամադրի:
Իսկ ասուլիսին ներկա առողջապահության նախարարության հիգիենիկ, հակահամաճարակային պետական տեսչության պետ Արտավազդ Վանյանն իր հերթին նշեց, որ ներկայում իրականացվում են համապատասխան միջոցառումներ, որոնք հնարավորինս թույլ կտան կանխարգելել հիվանդության մուտքը երկիր:
«Մենք նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնում ունենք համապատասխան սարքավորումներով ու տեստերով հագեցած լաբորատորիա, որը հնարավորություն է տալիս լիարժեք ախտորոշել այս հիվանդությունը»,-ասաց Ա. Վանյանը:
Տեսչության պետը նկատեց, որ հանրապետությունում շուրջ 5 տասնյակ քաղաքացիների մոտ եղել են կասկածելի ախտանշաններ, որոնք, սակայն, լաբորատոր հետազոտությունից հետո չեն հաստատվել:
Իսկ ինչ վերաբերում է հիվանդությունը բուժող դեղամիջոցի պաշարներին, ապա, ինչպես նշեց Ա. Ասոյանը, Հայաստանը բավարար քանակով պաշարներ ունի:
Վերջում, հանրապետության գլխավոր վարակաբանը խոսելով Ուկրաինայում գրանցված 3 տասնյակ մահացու դեպքերի մասին, նշեց, որ այդ վարակի հետ «դեռևս կապ չի հաստատվել»: Սակայն, ըստ նրա, այդ հիվանդությունն ընթանում է «ոչ սովորական» թոքաբորբի ձևով ու արագ մահվան է բերում: Մասնագետը, այս դեպքերը չկապեց Ա գրիպի հետ, նշելով, որ մի քանի օրվա ընթացքում Ա գրիպից այսքան մահացության դեպք չի կարող գրանցվել:
Ի դեպ, նշենք, որ շուտով Ուկրաինա կմեկնեն ԱՀԿ-ի մասնագետները` տեղում իրավիճակը վերահսկելու և համապատասխան հետազոտություն կատարելու համար:
Հիշեցնենք, որ ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ուկրաինայի հարավային երեք շրջաններում վարակիչ ինֆեկցիաներից մահացել է 30 մարդ, այդ թվում` մեկ երեխա: Բացի այդ, հոսպիտալացվել է 951 մարդ, որոնցից 497-ը երեխաներ են: 61 հիվանդները` այդ թվում 31 երեխաներն ու 3 հղի կանայք, գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում
Ընդհանուր առմամբ, նշված երեք շրջաններում սուր շնչառական հիվանդությամբ ու գրիպով վարակված է շուրջ 40 հազար մարդ, նրանցից միայն 27,3 հազար վարակվածները Տերմոպոլսկի շրջանից են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան