Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ֆուտբոլային մեքենայությունները
Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի` 2010 թ-ի աշխարհի առաջնության ընտրական խաղերի շրջանակում Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ տարած 2:0 հաղթանակը և Ռուսաստանի հավաքականի հետ Բաքվում` 1:1` ոչ ոքի խաղը խիստ կասկածելի են: Այս մասին մասին տեղեկություններ են տարածել Ադրբեջանի և Ռուսաստանի մամուլը` նկատի ունենալով այն, որ Ադրբեջանի ազգային հավաքականը շատ թույլ է հիշյալ թիմերից:
Musavat.com-ին հայտնի է դարձել, որ իրականում Ադրբեջանի ազգային հավաքականի Լիխտենշտեյնի և Ռուսաստանի հետ հանդիպումների արդյունքները ոչ թե իր ուժերի, այլ փողի շնորհիվ է ձեռք բերվել:
Անունը բացահայտել չցանկացող Ադրբեջանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը կայքի թղթակցին հայտնել է, որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահությունը (AFFA) (որը ղեկավարում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևը), Լիխտենշտեյնի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում, թիմի յուրաքանչյուր խաղացողին 40 հազար մանաթ պարգևատրում էր նախատեսել, սակայն, արդյունքում նրանցից յուրաքանչյուրին ընդամենը 5 հազար մանաթ է հասել, իսկ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար նախատեսված պարգևավճարի 35 հազար մանաթը տրվել է Լիխտենշտեյնի թիմին` նախապես պայմանավորվածության համաձայն` պարտվելու դիմաց:
Նույն աղբյուրի խոսքերով, Բաքվում ռուսների համար խաղի որևէ նշանակություն չունենալու պատճառով, AFFA-ի ղեկավարությունը մեծ փողերի շնորհիվ նման գործարք է արել նաև Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ: Դա AFFA-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի Ադրբեջանի նախագահից գաղտնի ծրագիրն է եղել:
Ադրբեջանի հավաքականը աշխարհի առաջնության խաղերին խայտառակ արդյունքներ է ցուցադրել, ինչի համար նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել AFFA-ի նախագահի աշխատանքից պետական բյուջեից արված մեծ հատկացումներն անարդյունավետ օգտագործելու եւ ֆուտբոլի բնագավառը խորտակելու համար: Ռովնագ Աբդուլլաեւն էլ, վերջին երկու հանդիպումներում փողով արդյունքներ ձեռք բերելով` աշխատել է պետության ղեկավարի մոտ արդարացնել իրեն: Վերջին երկու խաղերի համար ծախսված փողի իրական չափը հայտնի չէ, բայց խոսվում է միլիոնավոր դոլարների մասին:
«Վերը նշված 40 հազար մանաթները նույնպես որպես պարգևավճար AFFA-ի նախագահը դուրս է գրել պետական բյուջեից: Այդ ճանապարհով փողերն ավելի հեշտությամբ են մաքրվում եւ պետության ղեկավարից թաքուն կեղտոտ գործեր արվում», -հայտնել է աղբյուրը, նշելով, որ Ադրբեջանի հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը հեռացել է թիմից պայմանագրով նախատեսված տարեկան 2 մլն եվրոյի միայն մի մասն իրեն վճարվելու, մնացածն էլ AFFA-ի ղեկավարության կողմից յուրացվելու պատճառով:
Նույն աղբյուրի հավաստմամբ, Բաքվում Իսպանիայի եւ Ադրբեջանի հավաքականների ընկերական հանդիպմանը մասնակցության համար իսպանացիները AFFA-ից 7 մլն դոլար են ստացել:
ՙ«Իսկ նրանց Բաքու գալը Ռովնագ Աբդուլլաեւը կազմակերպել է իր ֆուտբոլասեր որդու խնդրանքով, ով Անգլիայի «Լիվերպուլ» ակումբի իսպանացի խաղացող Ֆեռնանդո Թորեսի երկրպագուն է: Բաքվում խաղը 6:0 հաշվով Իսպանիայի հավաքականի օգտին ավարտվելուց հետո, AFFA-ի նախագահի որդին զրուցել եւ լուսանկարվել է Ֆեռնանդո Թորեսի հետ», -musavat.com-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: