Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Ռալֆ Ռենե Վեյնգարդներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության և սպորտի տնօրինության ղեկավար Ռալֆ Ռենե Վեյնգարդներին:
Հանդիպման ընթացքում նախարարը հյուրի ուշադրությունը բևեռել է այն փաստի վրա, որ մեր երկրում տարեցտարի ավելանում են երիտասարդության ոլորտում կատարվող աշխատանքները: Ստեղծվել են երիտասարդական մարզային կենտրոններ, իսկ առաջիկայում նախատեսվում է ձևավորել նաև երիտասարդական համայնքային կենտրոններ:
Հայաստանում կարևորվում են ինչպես երիտասարդության զբաղվածության, այնպես էլ նրանց սոցիալական վիճակի բարելավման խնդիրները:
Արմեն Գրիգորյանն ընդգծել է նաև, որ վերջին շրջանում Հայաստանում մեծ թվով մարզադահլիճներ ու մարզահամալիրներ են կառուցվել կամ վերանորոգվել, ինչը, նախարարի համոզմամբ, անպայման կնպաստի երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմանը: Այժմ կառավարությունը քննարկում է երիտասարդներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու վերաբերյալ ծրագիրը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Վեյնգարդները կարևորել է երիտասարդության հետ տարվող աշխատանքները` միաժամանակ ընդգծելով սպորտի` որպես «Տրոյան ձիու» նշանակությունը միջմշակութային երկխոսության խթանման գործում: Դրա վառ վկայությունը, ըստ հյուրի, Հայաստան-Թուրքիա հանդիպումներն էին ֆուտբոլային հավաքականների մակարդակով:
Եվրոպայի խորհրդի երիտասարդության և սպորտի տնօրինության ղեկավարի կարծիքով` կարևոր է ոչ միայն երիտասարդության շահերի պաշտպանությունը, այլև բարեփոխումների իրականացման գործում այդ ռեսուրսի օգտագործումը: Հակամարտությունների լուծման հարցում նա ընդգծել է հայ և թուրք երիտասարդ լիդերների համագործակցության անհրաժեշտությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում խոսվել է նաև հայաստանյան երիտասարդության միջազգային շարժունության խնդրի մասին, ինչին մեծապես կարող է նպաստել Հայաստանի անդամակցությունը Եվրախորհրդի համապատասխան ծրագրին: Ի վերջո, Արմեն Գրիգորյանն ու Ռալֆ Ռենե Վեյնգարդները պայմանավորվել են ստեղծել նախնական պայմանավորվածությունների փաթեթ` մի շարք խնդիրների շուրջ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: