ՀԱԿ-ում խոստանում են տնտեսական ճգնաժամից դուրս գալու ծրագիր ներկայացնել
Ֆինասատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը խիստ անհամարժեք են առկա բացասական զարգացումները կանխելու կամ մեղմելու համար: Այդ մասին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը:
Ըստ հայտարարության` «իշխանության կողմից, այսպես կոչված, կանխարգելիչ տնտեսական միջոցառումները փաստորեն ուղղված են ոչ թե պետության և սեփական քաղաքացիների շահերի պաշտպանությանը և առկա խնդիրների լուծմանը, այլ իշխանական կոռումպացված համակարգի սնուցման, ամրապնդմանն ու պահպանմանը»:
«Կառավարությունը ամբողջ 2009թ. ընթացքում, քողարկելով սեփական ձախողումները և որևէ լուրջ խնդիր լուծելու անկարողությունը, օրենքը շրջանցող տարբեր եղանակներով վերափոխեց բյուջեի մասին Ազգային ժողովի ընդունված օրենքը` ըստ էության հետին թվով իրականացվեց բյուջեի ստվերային սեկվեստր: Նման պայմաններում մշակվեց և Ազգային ժողով ներկայացվեց գալիք, 2010թ. Պետական բյուջեի նախագիծը, որում անտեսված են մեր երկրի առջև ծառացած իրական խնդիրները և մարտահրավերները: Հայ Ազգային Կոնգրեսն արձանագրում է, որ այս բյուջեն որևէ իշխանության համար սեփական սխալների և անհեռատեսության արձանագրման և հրաժարականի բյուջե է», ասված է հայտարարության մեջ:
Այնուհետև նշվում է, որ կոնգրեսն ունի տնտեսական ճգնաժամից դուրս գալու միջոցառումների ծրագիր, որը առաջիկայում խոստանում են ներկայացնել: Մի քանի տասնյակ օրենքների, որոշումների ընդունումով և համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի երկիրը վերադարձնել զարգացման ուղի: