Ադրբեջան. չկայացած սերնդափոխություն
Բաքվի համալսարանի պրոֆեսոր Չինգիզ Իսմայլովի համոզմամբ, Ադրբեջանի բարձրագույն ուսումնական հաստատությունները սերնդափոխության կարիք են զգում: Այս մասին գրում է «Զերկալո» պարբերականը:
«ԲՈՒՀ-երի ամբիոններում աշխատում են դասախոսներ, ովքեր արդեն 70-80 տարեկան են»,- նշել է պրոֆեսորը:
Ընդ որում այդ տարիքի դասախոսների թիվը շատ մեծ է:
Իսմայլովի դիտարկմամբ` Բաքվի պետական համալսարանի ֆակուլտետների մեծ մասում դասավանդում են այնպիսի տարեց մանկավարժներ, որոնց համար երբեմն ավելի կարևորը ոչ թե դասավանդվող առարկայի պարզաբանումն է, դասախոսության կամ սեմինարի անցկացումը, այլև ուղղակի դասը ավարտին հասցնելը: Այս ամենից հետո, կարծես թե ավելորդ է խոսել մատուցվող գիտելիքի բավարար մակարդակի կամ որևիցէ այլ գործոնների մասին:
Բուհերի ֆակուլտետները կարիք ունեն երիտասարդ կադրերի, միայն նրանք կարող են նոր շունչ հաղորդել ուսումնական գործընթացներին:
Նշենք, որ Ադրբեջանի Կրթության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն, Բաքվի պետական համալսարանի մանկավարժների 80 տոկոսի տարիքը անցնում է 70-ից: