Դեղորայքի շուկայում վարույթ հարուցվեց
Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստի ժամանակ քննարկման ենթական երկրորդ կարևոր հարցը վերաբերում էր դեղերի շուկային:
«Շատ է խոսվում այն մասին, որ դեղերը թանկացել են, սոցիալական նշանակության որոշ դեղամիջոցների թանկացումը չի կարող մեզ չմտահոգել: Մենք այսօր սկսում ենք վարույթ` պարզելու, թե ինչն է պատճառը, որ դեղերը թանկացել են»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահ Դավիթ Հարությունյանը:
Դրա հետ մեկտեղ սկսվում է դեղերի շուկայի լայանածավալ ուսումնասիրություն, որը կարող է մի փոքր ավելի երկար տևել, որպեսզի ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը, պարզվի, թե հայկական դեղերի շուկայում ինչ խորքային իրադարձություններ են տեղի ունենում:
« Մեր ամենակարևոր նպատակը հետագայում ՀՀ կառավարությանը` որպես քաղաքականության պատասխանատուի, ներկայացնել առաջարկներ` այս շուկայում իրավիճակը շտկելու կապակցությամբ»:
Հանձնաժողովի կողմից 2009թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրվել են մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ:
Համաձայն հիշյալ ուսումնասիրությունների, ըստ Դ. Հարությունյանի, սիրտ-անոթային, շաքարային դիաբեդի և հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում գործող ներկրող և իրացնող խոշոր տնտեսվարողների վարքագիծը կարող է վկայել մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների մասին:
Այսպիսով հանձնաժողովի այսօրվա նիստում վարույթ հարուցվեց դեղորայքի վերոհիշյալ շուկաներում: Իսկ վարույթը կընդգրկի 19 տնտեսվարողների վարքագծի համապատասխանության ուսումնասիրությունը մրցակցային կանոններին, այդ թվում «Էսկուլապ» ՍՊԸ, «Առգո Ֆարմ» ՍՊԸ, «Աստերիա» ՍՊԸ, «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ, «Դեղաբազա Երևան» ՍՊԸ և մի շարք այլ տնտեսվարող սուբյեկտներում, որոնք ներկայացնում են շուկայում առավել խոշորներին:
«Կուզեմ նաև նշել, որ դեղերի շուկայի մտահոգությունը ոչ միայն Հայաստանում է, այլև` ՌԴ-ում, որտեղ առաջին կիսամյակում` 2008թ.-ի առաջին կիսամյակի համեմատ, դեղերի գները թանկացել են մոտ 60%, այդ պատճառով էլ լայնածավալ միջոցառումներ են իրականացվում նաև ՌԴ-ում` ոչ միայն մրցակցային պաշտպանության պետական մարմնի, այլև առողջապահության պատասխանատուների կողմից: Իրավիճակից ելնելով ՌԴ կառավարությունը օրինակ նախատեսում է 2010թ.-ի մարտ ամսից կարգավորել արտադրողների բացթողման գները: Սա շատ կարևոր ազդակ է»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Միաժամանակ հանձնաժողովը դեղորայքի շուկայում լայնամասշտաբ և համալիր ուսումնասիրություն է սկսում` նպատակ ունենալով պարզել շուկայի կառուցվածքը, շուկայի մուտքի խոչընդոտները, բացահայտել շուկայում մրցակցությունը սահմանափակող պատճառները և այլն: