Խորհրդարանականները քննարկում են 2010 թվականի պետական բյուջեն
Ազգային ժողովում այսօր սկսվել են 2010 թվականի պետական բյուջեի քննարկումները: Այժմ բյուջեի վերաբերյալ խորհրդարանականների հարցերին պատասխանում է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սակայն մինչ այդ խորհրդարանում բյուջեն ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը ասաց, որ հաջորդ տարի կառավարությունը շեշտադրումն հիմնականում անելու է կենսաթոշակային հիմնադրամի ու ապահովագրության ոլորտի բարեփոխումների վրա, ինչը, ըստ նրա, թույլ կտա մեծացնել հայկական տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը:
Վարչապետի ներկայացմամբ, մասնավորապես պետական կառավարման ոլորտում տեղի են ունենալու զգալի փոփոխություններ։ Հատկապես բարեփոխման կենթարկվի առողջապահության ու սոցիալական և կրթական ոլորտները: «2010-ին Հայաստանը միջոցներ կստանա «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից, ինչը թույլ կտա պահպանել բյուջետային ծախսերի ծավալը՝ 2009թ. մակարդակի վրա», հավելեց գործադիր մարմնի ղեկավարը:
Նրա վստահեցմամբ, հաջորդ տարի տնտեսական աճը կկազմի 1.2 տոկոս, իսկ ՀՆԱ ցուցանիշը 2009-ի համեմատ «աննշան կերպով կարող է իջնել»:
Նկատենք, որ 2009-ի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 18, 3 տոկոս:
2010-ի պետական բյուջեի նախագծով կանխատեսված 500 մլրդ դրամի փոխարեն 533 մլրդ դրամի ծախսեր են նախատեսվում։ Ըստ վարչապետի, եթե երկրում տնտեսական իրավիճակը գոհացրեց, ապա այդ գումարները կավելացվեն, իսկ եթե ոչ,ապա ծախսերը կիրականացվեն պահուստային ֆոնդի հաշվին։
Բյուջեի նախագծով առանձին մաս է նախատեսված նաև Լեռնային Ղարաբաղի համար, որտեղ ուղղվելու է 31 մլրդ դրամ։ Տիգրան Սարգսյանն ասաց, որ դա թույլ կտա ապահովել ղարաբաղյան բնակչության անվտանգությունը։
Փոքր և միջին բիզնեսին այս բյուջեով ևս աջակցություն կտրվի: Ըստ վարչապետի, բարենպաստ պայմաններ կստեղծվեն հայրենական արտադրանքի արտահանման համար, կշարունակվեն հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումները։