Լիտվայի ԱԳ նախարարը այսօր հյուրընկալվել է ԱԱԽ քարտուղարին
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասին: Քննարկվել են հայ-լիտվական երկկողմ հարաբերություններին և միջազգային կառույցներում համագործակցությանը վերաբերող հացեր: Այս մասին տեղեկացնում են ԱԱԽ մամուլի գրասենյակից:
Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանի և Լիտվայի բարեկամական հարաբերությունները խոր արմատներ ունեն` պայմանավորված երկու ժողովուրդների միջև պատմական ընդհանրություններով:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման մեծ ներուժ կա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը սննդի անվտանգության և սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում: Այդ նպատակով առաջիկայում կկազմակերպվեն փոխադարձ այցելություններ:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրով Հայաստանում իրականացվող բարեփոխումների, Արևելյան գործընկերության ծրագրի հետ կապված հարցեր: Կարևորվել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի շրջանակում Հայաստան-Եվրամիություն երկխոսության խորացումը և համագործակցության ընդլայնումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` ԼՂ հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Վիգաուդաս Ուշացկասը բարձր է գնահատել Հայաստանի` հարևան երկրների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ջանքերը և հայտնել Լիտվայի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: