Քամյուի որդին մերժել է Սարկոզիին. «Դա հակասում է այն ամենին, ինչի համար պայքարել է Քամյուն»
Ալբեր Քամյուի որդին` Ժանը ընդդիմացել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի առաջարկին` գրողի աճյունը Փարիզյան պանթեոնում վերահուղարկավորելու մասին, գրում է «Դը Դէյլի Թելեգրաֆը»: Ժան Քամյուի խոսքով, նման արարքը հակասում է իր հոր գաղափարներին ու համոզմունքներին: Գրողի որդին նաև հայտարարել է, որ Քամյուն իր ստեղծագործությամբ և իր կյանքով պաշտպանել է համեստության գաղափարը և դեմ դուրս եկել ամեն տեսակի շքեղության ցուցադրման:
Ինչպես տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն, Ալբեր Քամյուի դուստրը` Կատրինը, կասկածանք է հայտնել` արժե՞ գրողի աճյունը վերահուղարկավորել Պանթեոնում:
Սարկոզիի առաջարկին դեմ է դուրս եկել նաև Քամյուի կենսագիր ընկեր Օլիվյե Տոդը, ով մեղադրել է ֆրանսիացի նախագահին մտավորականների շրջանում քաղաքական միավորներ վաստակելու համար:
«Դա նրա ծրագրի մի մասն է` մտավորականների շրջանում համակրանք նվաճելու ուղղությամբ: Դա հակասում է այն ամենին, ինչի համար պայքարել է Քամյուն», -պարբերականին ասել է Տոդը: «Սարկոզին Քամյուի կարիքը չունի: Սարկոզին փայլ ստանալու կարիք ունի», հավելել է կենսագիրը:
Կենսագրի խոսքով, Քամյուն իր ողջ կյանքի ընթացքում մերժել է բոլոր շնորհները, անգամ Նոբելյան մրցանակը համաձայնել է ստանալ , «որպեսզի պատմի Ալժիրում էթնիկ ֆրանսիացիների մասին»:
Նկատենք, որ Սարկոզին Քամյուի վերահուղարկավորման մասին գաղափարը առաջ էր քաշել հռչակավոր գրողի մահվան 50-ամյակի կապակցությամբ, որը պետք է նշվի հաջորդ տարվա հունվարին: Փարիզյան Պանթեոնում, որտեղ նախագահն ուզում է տեղափոխել Քամյուին, թաղված են Էմիլ Զոլյան, Վիկտոր Հյուգոն, Անդրե Մալյոն, Ալեքսանդր Դյումա հայրը: Վերջիններիս մասունքները տեղափոխվել են Պանթեոն` Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ:
Քամյուի վերահուղարկավորման համար անհրաժեշտ է հարազատների թույլտվությունը: Սակայն Սարկոզիի խորհրդական Կատրին Պեգոռի փորձերը Ժան Քամյուին համոզելու ուղղությամբ, անարդյունք են անցել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները