Չավեսը Ահմադինեժադի այցելությանը Վենեսուելա հետևել է Ֆիդելի հետ…հեռուստացույցով
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նախօրեին կարճատև այց է կատարել դեպի Կուբա և այնտեղ հեռուստացույցով Ֆիդել Կաստրոյի հետ դիտել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցելությունը Վենեսուելա:
«Ֆիդելն ինձ ասաց` Ահմադինեժադին փոխանցիր, որ Վենեսուելա կատարած այցելությունը նույնն է, թե այցելել Կուբա, քանի որ դա մի միասնական հայրենիք է, և այդ պատճառով էլ ես ողջունում եմ ձեզ Կարակասում և Կուբայում»,- հայտարարել է Վենեսուելայի առաջնորդը հաջորդ օրը Կարակասի «Միրաֆլորես» պալատում տեղի ունեցակած պաշտոնական ընդունելության ժամանակ, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Չավեսը նկատել է, որ Կուբա կատարած յոթժամյա այցելության ժամանակ հանդիպել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոների հետ ու քննարկել երկկողմանի համագործակցության վերաբերյալ հարցեր:
Պալատում կազմակերպված ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթում Չավեսը Ահմադինեժադին անվանել է իր եղբայր և ընդգծել Իրանի հետ ընդլայնված համագործակցության կարևորությունը:
Իր հերթին Իրանի առաջնորդն ասել է, որ «Վենեսուելայի և Իրանի ժողովուրդները միասնական ճակատ են ստեղծել իմպերիալիստական ագրեսիայի դեմ պայքարելու համար» և ընդգծել, որ «քաջ հեղափոխական Չավեսը ինչպես մի ժայռ պայքարում է յանկիների ագրեսիայի դեմ»: