Հայաստանի նկատմամբ ագրեսիան, ագրեսիա է նաև ՀԱՊԿ անդամ երկրների դեմ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ արտաքին ագրեսիային կհետևի ՀԱՊԿ անդամ երկրների աջակցությունը դաշնակցին, այդ թվում` ռազմական: Այս մասին երեկ Բելառուսում լրագրողներին տված հարցազրույցում հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Ռուսաստանի նախագահը նկատել է, որ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈՒ) ստեղծվել են ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում առաջ եկող դժվարին իրավիճակներին համատեղ հակազդելու նպատակով:
«Դրանք արագ արձագանքման ուժեր են, որոնք կարող են օգտագրոծվել նման հիմնախնդիրները լուծելու համար, այդ թվում` ռազմական ուժի կիրառմամբ: Իրականում հիշեցնեմ, որ մեր հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն գործում է այն նույն կանոնը, ինչն առկա է Հյուսիսատլանտյան դաշինքի դեպքում, ըստ որի` երկրներից մեկի նկատմամբ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում Դաշինքի, Պայմանագրի անդամ բոլոր երկրների վրա: Դա շատ լուրջ ձևակերպում է, մենք, չգիտես ինչու, դրա մասին երբեմն մոռանում ենք, մինչդեռ իրականում գործընկերային պարտավորությունը հենց դա է, այդ թվում` ռազմական պարտավորությունը»,- ըստ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում զետեղված սղագրության, հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները թվով յոթն են` Հայաստան,Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան և Ռուսաստան: