Թուրք պետնախարարը Շվեյցարիայի վարկանիշի վրա փորձում է համապետական բիզնես անել
Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացում գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշը, դատապարտելով նոյեմբերի 29-ին Շվեյցարիայում կազմակերպված քվեարկությունը, որն արգելք սահմանեց մինարեի կառուցմանը, հանդես է եկել բիզնես-հայտարարությամբ:
Թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի կայքէջի տեղեկացմամբ` Բաղըշը մահմեդական երկրներին կոչ է արել թուրքական բանկերում հաշվեհամարներ բացել և շվեյցարական բանկերին ի պահ տված իրենց գումարները փոխանցել թուրքական դրամատներ:
Ստոկհոլմում նախօրեին սկսված Թուրքիա-Եվրամիություն խորհրդատվական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Շվեդիա մեկնելուց առաջ Էգեմեն Բաղըշը «Zaman»-ի թղթակցին ասել է. «Հուսով եմ, որ այդ արգելքը մեր մահմեդական եղբայրներին առիթ կտա վերանայելու շվեյցարական բանկերում դրած իրենց գումարների հարցը: 2008 թվականին, բանկերի համատարած սնանկանում պայմաններում անսասան մնացած թուրքական բանկային համակարգի դռները միշտ բաց են նրանց առաջ»:
Նախորդող նորություն` Թուրքերը տագնապած են Շվեյցարիայի գործողություններից