Ադրբեջան. ԱԳՆ փորձում է արդարանալ
«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի օրակարգից Ադրբեջանի օկուպացված տարածքներից իրավիճակի վերաբերյալ նախագծի ետ կանչումը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների հետևանքով: Այս մասին, Դեյ.ազ լրատվական կայքի փոխանցմամբ` նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը:
«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի օրակարգից Ադրբեջանի օկուպացված տարածքներից իրավիճակի վերաբերյալ նախագիծը ետ է կանչվել Ադրբեջանի նախաձեռնությամբ»,- նշել Պոլուխովը: Նշենք, որ ավելի վաղ նշվել էր, որ նախագծի քննարկումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 3-ին:
Ընդգծենք, որ մինչ այդ, նշյալ նախագիծը, ադրբեջանական կողմը մեկ ամգամ արդեն ներկայացրել էր քվեարկության: Այդ ժամանակ նախագիծը մերժվել էր: Նախագծին մասնավորապես դեմ էին արտահայտվել ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան: Նմանատիպ մոտեցումը պաշտոնական Բաքվի մոտ վրդովմունք էր առաջացրել, և նա իր քննադատության վեկտորն ուղղել էր Մինսկի խմբի համանախագահներին:
Հիշեցնենք, որ նշյալ փաստի առնչությամբ, Ադրբեջանում մեծ աղմուկ էր բարձրացել: Մասնավորապես «Ազադլիգ» թերթի մեկնաբանը` ՄԱԿ-ում նախատեսված քննարկման տապալումը վերագրել է նախագահ Իլհամ Ալիևին, նշելով, որ այս դեպքը գալիս է ևս մեկ անգամ փաստելու նախագահի անհետևողականության ու կատարած հայտարարությունների անլրջության մասին:
Անկախ վերլուծաբանները կարծում են, որ հենց ադրբեջանական հասարակությունում բարձրացված աղմուկն էլ պատճառ հանդիսացավ, որ երկրի ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, որ նախագծի ետ կանչման պատճառ «տեխնիկական» բնույթ է կրում:
Նախորդող նորություն` Ադրբեջանական պարբերականի գնահատականն Իլհամ Ալիևի անհետևողականության և անլուրջ հայտարարությունների մասին