Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) լրատվական կայքի տեղեկացմամբ` այսօր` 08:02-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Այդըն նահանգի Բուհարքենթ գավառի Հորսունլու քաղաքում: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4.9 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Դենիզլի շրջանում: Հորսունլուի և Դենիզլիի բնակչությունը տագնապահար խուճապի է մատնվել:
Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` փլատակների տակ չմնալու ահից:
Թեև նախնական տեղեկություններով` զոհեր և ավերածություններ չկան, բայց Հորսունլուի հարակից գյուղերի որոշ տների պատերին ճաքեր են առաջացել:
Դենիզլիի գավառապետ Յավուզ Էրքենը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցվում են դասընթացները դպրոցում, քանի որ աշակերտներն առայժմ սարսափած են:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները կրկնվել են նաև 09:45-ին: