ՀՊՃՀ և «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն ամրագրել են իրենց համագործակցությունը հուշագրով
Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) և «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) ստորագրել են հուշագիր կրթության, համատեղ դասընթացների կազմակերպման, ընկերության կադրային ներուժի համալրման և այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության մասին: Այս մասին հայտնում են ՀՊՃՀ Հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:
Համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի «Կապի ճյուղի ձեռնարկությունների էկոնոմիկա և կառավարում» ամբիոնի ու ADC-ի միջև համագործակցությունը սկսվել էր դեռևս 2007թ.: Մինչ այժմ արդեն իսկ բազմաթիվ ՀՊՃՀ ուսանողներ իրենց պրակտիկաներն անց են կացրել ընկերությունում, իրենց ավարտական և մագիստրոսական աշխատանքների համար համապատասխան տեղեկատվություն են ստացել ընկերության աշխատակիցներից, կազմակերպվել են դասընթացների փուլ և մի շարք այլ միջոցառումներ:
Ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Ավետիկ Քալանթարյանը նշել է, որ իրենց շատ են կարևորում համագործակցությունը տեխնիկական բուհի համար, քանի որ իրենց ընկերության կադրային ներուժի համալրումը մեծապես կախված է հենց Պոլիտեխնիկի համապատասխան ֆակուլտետի ապագա մասնագետների հետ: «Համալսարան-գործատու սերտ կապն այն հիմնաքարն է, որի վրա է խարսխված բարձրորակ կադրերով շուկայի ձևավորումը: Դրա համար էլ յուրաքանչյուր ձեռնարկություն իր ունեցածի չափով աջակցի, օժանդակի բուհին` շուկայի պահանջներին համապատասխան բարձրակարգ մասնագետներ պատրաստելու, ժամանակակից ուսումնական պլաններ կազմելու և մի շարք այլ հարցերում», - ասել է նա:
Ստորագրված հուշագրով նախատեսվում է ուսանողների մասնագիտական աճին նպաստող համատեղ ուսումնական դասընթացների, գործնական պարապմունքների իրականացում, ուսանողների պրակտիկաների անցկացում ADC-ում, ընկերության առաջատար մասնագետների ներգրավում ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի ղեկավարման գործընթացում, խրախուսական պարգևների տրամադրում առավել աչքի ընկած ուսանողներին և մի շարք այլ միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան