Խախտումների աննախադեպ թիվ. ԶԼՄ-ներն են օգնել ոստիկանությանը
Ճանապարհային ոստիկանների յուրաքանչյուր հերթափոխ մայրաքաղաքում ավտոմեքենաներով շրջայց իրականացնելու համար ձմռան գալուն պես ստանում է 12-15 լիտր բենզին: Ամռանը բավականացնում էր 8 լիտրը: Յուրաքանչյուր օր Երևանում կազմվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ 1000-1500 արձանագրություն: Այս տվյալներն ի պատասխան Panorama.am-ի թղթակցի հարցին` այսօրվա ասուլիսում ներկայացրեց Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը:
Այս տարվա առաջին 11 ամիսների տվյալներն ամփոփելով` ոստիկանության պաշտոնյան հայտարարեց, որ 610 հազար 626 ճանապարհային երթևեկության խախտման դեպք է արձանագրվել: Սա աննախադեպ թիվ է, որը Մ. Օհանյանը պայմանավորում է ոստիկանություն-ԶԼՄ համագործակցությամբ:
«Հազար արձանագրությունը հետիոտնի վրա այնպես չի ազդում, ինչպես լրատվամիջոցների մեկնաբանությունը»,-ասաց բանախոսը:
Համեմատության համար նշենք, որ 2007-ին գրանցվել է 209 հազար խախտում, իսկ 2008-ին՝ 411 հազար 599 խախտում: 2008-ին խախտումների հետևանքով գրանցված պատահարների թիվը կազմել է 2033, ինչի հետևանքով զոհվել է 376 քաղաքացի, վիրավորվել՝ 2886 քաղաքացի:
Այս տարվա ընթացքում 1850 պատահար է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 296 քաղաքացի, վիրավորվել՝ 2576 մարդ:
Ըստ Մ. Օհանյանի, ճանապարհատրանսպորտային կարգ ու կանոն հաստատելը գտնվում է ոստիկանապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում, ամեն օր նրան զեկուցում են խախտումների թիվը, տիպը, տուգանքները:
«Որոշակի արդյունքների հասել ենք, բայց անելիքներ շատ-շատ կան»,-ասաց Մ. Օհանյանը` խոստանալով ավելի հաչախ հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչներին ու «առանց երանգավորումների» պատասխաններ տալ: