30 օրվա ընթացքում` 31 հազար 467 ՍՇՎ դեպք
Այսօրվա տվյալներով հանրապետությունում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 54-ի: Այս մասին այսօր Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Նրա հավաստմամբ, նախարարությունում, բացի գործող ընդհանուր թեժ գծից` A/H1N1-ի համար գործում է հատուկ թեժ գիծ` 010. 565-323:
«Թեժ գիծը գործում է շուրջօրյա, քաղաքացիների ցանկացած հարցերի, որոնք կապված են թե գրիպի, թե սուր շնչառական վարակների, թե խոզի գրիպի հետ հետ, մասնագետները պատասխանում են»,-ասաց Շ. Հունանյանը:
Բացի այդ, նրա խոսքերով, այս տարվա նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է Սուր շնչառական վարակիչ (ՍՇՎ) հիվանդությունների 31 հազար 467 դեպք:
«Այս ցուցանիշը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի է: Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ խոզի գրիպի հետ կապված հասարակության շրջանում բարձրացել է զգուշավորությունը գրիպի նկատմամբ, դրա համար էլ այս տարի, անցյալ տարվա համեմատ, շատացել է դիմելիության ցուցանիշը»,-ասաց Շ. Հունանյանը:
Նախարարի օգնականի հավաստմամբ, քաղաքացիները, սովորական հարբուխի, գրիպի կամ այլ ՍՇՎ-ների ժամանակ անպայման դիմում են մասնագետին, դրա համար էլ այս տարի ՍՇՎ-ներով վարակվածների այսպիսի ցուցանիշ է գրանցվել:
Նշենք, որ այժմ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, ՍՇՎ-ների, թոքաբորբի և խոզի գրիպի վարակներով բուժում է ստանում 59 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան