Զինված անասնագողեր` հայ-ադրբեջանական սահմանագծում
Նախօրեին, ժամը 04.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնից Տավուշի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ 3 զինված անձինք Կայանավան գյուղից խոշոր եղջերավոր անասուն են գողանում:
Պարզվել է, որ ոստիկանները հայ-ադրբեջանական սահմանագծի մոտ` Կայանավան գյուղի տարածքում ծառայություն կատարելիս, երկաթգծի վրա 3 զինված անձանց են նկատել` անասունը Ադրբեջանի ուղղությամբ տանելիս:
Ինքնությունը պարզելու ընթացքում զինյալները փորձել են գործադրել իրենց մոտ գտնվող հրազենները: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակ են արձակել, և հանցագործները երկաթգծի վրա թողնելով 11 խոշոր և 4 մանր եղջերավոր անասուններ` դիմել են փախուստի:
Արյան հետքեր են հայտնաբերվել դեպքի վայրում և մոտ 500 մ խորությամբ դեպի Ադրբեջանի Հանրապետության սահմանի ուղղությամբ:
Նույն օրը, ժամը 06.15-ին, Դիտավան գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Արշակ Ս.-ից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք անասնագոմի պատուհանից մուտք գործելով և դուռը ներսից բացելով` գողացել են իր 1 ձին, 11 գլուխ խոշոր և 4 գլուխ մանր եղջերավոր անասունները:
Դեպքի վայրից հայտնաբերվել է 2 գլխարկ, ճապոնական արտադրության ձեռքի ժամացույց և արյան հետքեր:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին տեղեկացանք ոստիկանության պաշտոնական կայքից: